Հրավեր՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար

14/10/2019

Զանգվածային լրատվության միջոցների

հարգելի՛ գործընկերներ,

 

ՀՀ արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ կազմակերպում է աշխատաժողով զանգվածային լրատվության միջոցների խմբագիրների և ներկայացուցիչների մասնակցությամբ՝ նվիրված իրավահավասարության ապահովմանն առնչվող խնդիրների լուսաբանման միջազգային լավագույն մեթոդների և չափանիշների ներկայացմանը:

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հանրային քննարկման դրված «Իրավահավասարության ապահովման մասին»[1] ՀՀ օրենքի նախագծի հիմնական կարգավորումները, իրավահավասարության ապահովման միջազգային չափանիշները, պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև իրավահավասարության ապահովման վերաբերյալ օրենսդրության հետ կապված թյուրընկալումները հասցեագրելու մեթոդները, եղանակները, տեխնիկան և այլն:

Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատաժողովին հրավիրված է նաև «Ֆլայինգ Ֆոքս Մեդիա» (Flying Fox Media) գործակալության ղեկավար Արտյոմ Լիսը: Վերջինս 15 տարի աշխատել է աշխարհահռչակ «ԲիԲիՍի» (BBC)  լրատվականում՝ իր մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալելով նախկին ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման շուրջ: Պարոն Լիսը մասնակիցներին կներկայցնի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, խտրականության դեպքերի լուսաբանման շրջանակներում «ԲիԲիՍի» -ի փորձը, ինչին կհետևի մասնակիցների հետ համատեղ գործնական վարժությունների իրականացումը:

ՀՀ արդարադատության նախարարությունը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորելով ԶԼՄ-ներում ատելության խոսքի, խտրականության բացառման, ինչպես նաև խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի լուսաբանման հրամայականը՝ սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու վերը նշված աշխատաժողովին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 19-ին «Պարկ Ռեզորտ Աղվերան» հյուրանոցում (Կոտայքի մարզ, Արզական համայնք, Անտառային փող. 1-ին փակուղի):

Lրացուցիչ տեղեկությունների կամ մասնակցության հաստատման համար կարող եք կապ հաստատել Արդարադատության նախարարության հետ՝ զանգահարելով 010 59 40 72 հեռախոսահամարով կամ գրելով Info@moj.am էլ. հասցեին: Մասնակցության հաստատումը խնդրում ենք ապահովել մինչև հոկտեմբերի 17-ը, ժամը 18:00-ն:

ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխումը կիրականացվի հոկտեմբերի 19-ին, ժամը 09:30-ին՝ Հանրապետության հրապարակից: 

Աշխատաժողովի օրակարգը կցվում է:

 


[1] https://www.e-draft.am/projects/1801