ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հետ կապված տեղեկությունների վերաբերյալ
27/11/2014
ՀՀ Արդարադատության նախարությունում տեղի է ունեցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշվել են ստուգման վերաբերյալ մի շարք հարցեր, մասնավորապես՝
1. Ստուգման անցկացման վայր է սահմանվել ՀՀ արդարադատության նախարարությունը (Երևան, Հալաբյան փող. 41ա շենք,14-րդ հարկ):
2. Հաստատվել է ստուգման անցկացման ժամանակը ըստ առաջին, երկրորդ և երրորդ խմբերի:
Առաջին խումբ՝ 10:00-ից մինչև 13:00, 2014 թվականի դեկտեմբերի 5-ին,
Երկրորդ խումբ՝ 14:00-ից մինչև 17:00, 2014 թվականի դեկտեմբերի 5-ին,
Երրորդ խումբ՝ 11:00-ից մինչև 14:00, 2014 թվականի դեկտեմբերի 6-ին:
Հաստատվել է խմբերում ընդգրկված անձանց ցանկը:
3. Ստուգման տևողությունը կազմելու է 3 ժամ:
4. Ստուգումը անց է կացվելու գրավոր (ձեռագիր), թղթային կրիչի վրա: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվելու են հայերեն և համապատասխան օտար լեզուներով 10 (տասը) առաջադրանք: Հայերեն լեզվից օտար լեզու և օտար լեզվից հայերեն կատարվող թարգմանությունների տեքստերը ներառելու են իրավական փաստաթղթերից տեքստեր, նոտարիատի բնագավառի տեքստեր և այլն:
5. Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավոր համակարգով: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվելու է 2 միավոր: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները: Հանձնաժողովի կողմից սահմանվել են էական և ոչ էական սխալների սահմանումները՝ էական են համարվելու այնպիսի սխալները, թարգմանությունները, բառերի կամ նախադասությունների բացթողումները, որոնք կհանգեցնեն տեքստի բովանդակային փոփոխության կամ տարընկալման: Յուրաքանչյուր էական սխալի դեպքում պակասեցվելու է 2 միավոր: Ոչ էական են համարվելու այն սխալները, որոնք իրենց մեջ չեն պարունակելու էական սխալ (օր.՝ քերականական, կետադրական, տեքստի ընկալման վրա չազդող շարահյուսական սխալներ): Յուրաքանչյուր ոչ էական սխալի դեպքում պակասեցվելու է 0.25 միավոր: