Նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին հայտարարություն
08/11/2011
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2011 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Արամ Պետրոսյանին է ներկայացնում`
1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.
3) անձնագրի պատճենը.
4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.
5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի համապատասխան եզրակացությունը և (կամ) իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի վկայական.
6) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի անդորրագիրը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2011 թվականի նոյեմբերի 17-ը մինչև ժամը 17:00-ն:
Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2011 թվականի նոյեմբերի 28-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Նոտարի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմամբ, որը վերախմբագրվել է ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշմամբ:
Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաք-մամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրակա-նացվելու:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Արամ Պետրոսյանին` 319-116 հեռախոսահամարով:
-
38.5 ԿԲ