ԲՈՒՀ-երի ուսանողները կամավորության սկզբունքով մասնակցել են Նախարարության կողմից իրականացվող հանրային իրազեկման արշավին

13/08/2014

 Երևանի ԲՈՒՀ-երի իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսումնաարտադրական պրակտիկայի ծրագրի մի խումբ ուսանողներ դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն՝ կամավորության սկզբունքով մասնակցելու նախարարության կողմից իրականացվող հանրային իրազեկման արշավին: Արշավի շրջանակներում ուսանողներն այսօր կազմակերպել են ակցիա, որի ընթացքում քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման նախարարությունում գործող արագ արձագանքման թեժ գծի համարները տեղադրել են մեքենաների դիմապակիներին և բաժանել վարորդներին:

Այնուհետև ուսանողները հանդիպել են նաև Նախարարության համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանին:

 Նա համառոտ ներկայացրել է նախարարության կառուցվածքը, գործառույթները, աշխատանքների կազմակերպման եղանակները: Նորայր Բալայանը խոսել է նաև Նախարարության ծրագրային և ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակների, մասնավորապես՝ նոտարիատի ոլորտում էլեկտրոնային կառավարման համակարգի և պրոբացիոն ծառայության ինստիտուտի ներդրման գործընթացների մասին:

Ուսանողները հետաքրքրվել են նաև դատապարտյալների պահման պայմաններով, ինչին ի պատասխան՝ Նորայր Բալայանը նշել է, որ շուտով բացվելու է «Արմավիր» ՔԿՀ-ն, խնդիրները լուծվելու են փուլային տարբերակով:

 «Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է օրենսդրական լուծումների ապահովմամբ, ինչից հետո կներդրվեն հստակ մեխանիզմներ, որոնք կապահովեն ինստիտուցիոնալ լուծումներ: Աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում է պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքները»,-նշել է նախարարության ներկայացուցիչը: Ի պատասխան ուսանողների՝ նախարարության հետ կապը հնարավորինս սերտացնելու առաջարկին, Բալայանը նշել է, որ Նախարարությունը մշտապես բաց է և խրախուսում է շահագրգիռ անձանց, մասնագետների հետ համագործակցությունը:

 Ի դեպ, նախօրեին ուսանողներն այցելել էին նաև ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, գործառույթներին, ծրագրերին, մասնավորապես անչափահաս դատապարտյալների վերաինտեգրման խնդիրներին: Բացի այդ, քննարկվել են նաև մասնագիտական արհեստավարժությանը, էթիկային, հաշվետվողականությանը, հակակոռուպցիոն վարքագծին վերաբերող հիմնահարցեր: Քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրել են առաջարկություններ, խնդիրների լուծման իրենց մեխանիզմները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել անչափահասների հետ աշխատանքում կամավորական աջակցություն ցուցաբերելու հարցում:

 Հանդիպումները տեղի են ունեցել «ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական ընկերության և «Ինտեգրիտի Էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի աջակցությամբ: