Ո՞ր բնագավառները կհամակարգեն նախարարի տեղակալները. հրաման.Iravaban.net

22/08/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով հաստատվել է նախարարի տեղակալների պարտականությունների բնագավառները:

 Iravaban.net-ի տեղեկացմամբ, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կհամակարգի ՀՀ օրենսդրության կատարելագործման և համակարգման, իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման, սահմանադրական բարեփոխումների աշխատանքների ապահովման, դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման աշխատանքները:  

 Արտյոմ Գեղամյանը հիմնականում կհամակարգի նոտարական գործունեության ապահովման, Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի, հանցանք կատարած անձանց հանձնման, դատապարտյալների փոխանցման, դատական հանձնարարությունների կատարման ոլորտի աշխատանքները:

 Սուրեն Քրմոյանը կհամակարգի քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում պատիժների կատարման և քրեակատարողական ծառայության գործունեության ապահովման և համակարգման, ԴԱՀԿ ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ՔԿԱԳ ոլորտի քաղաքականության մշակման, սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպման և իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման-իրականացման աշխատանքները:

 Արման Թաթոյանը կհամակարգի ՄԻԵԴ-ի հետ կապերի, այդ դատարանի իրավական դիրքորոշումներից բխող ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու, համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման, ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների), դրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի և օրենքով նախատեսված այլ կազմակերպությունների պետական գրանցման և հաշվառման ապահովման, քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման, ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի աշխատանքները: Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ