Սեպտեմբերի մեկը անչափահաս դատապատյալների մոտ

01/09/2014

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր, Գիտելիքի օրվա կապակցությամբ, այցելել է Աբովյան քրեակատարողական հիմնարկ և ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անունից անչափահաս դատապարտյալներին շնորհավորել նոր ուսումնական տարվա կապակցությամբ: «Գիտելիքը հենասյուն է ոչ միայն անհատի, այլև պետության համար»,-նշել է նախարարի տեղակալը և կարևորել ուսուցիչների դերը սերուդների կրթության ու դաստիարակության գործում: Նրա խոսքով՝ ՔԿՀ աշխատակիցները նույնպես կատարում են ուսուցչի դեր, նրանք կրթում, դաստիարակում և դեպի ճիշտ կյանք են ուղղորդում անչափահաս դատապարտյալներին: ՔԿՀ պետ Արամ Սարգսյանը նույնպես շնորհավորել է բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հաջողություն մաղթել ուսման մեջ: ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դատապարտյալներին հանձնել են նվերներ, որից հետո ելույթ է ունեցել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սան դաշնակահար Անդրեյ Կուրբետը:Project Harmony միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը ևս միացել է միջոցառմանը: Ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը ներկայացրել է կազմակերպության փիլիսոփայությունը. այն է իսկական արդարադատությունը անձին պատժելու կամ մեկուսացնելու մեջ չէ. ավելի կարևոր է ազատության վերականգնումը: Նա նշել է նաև, որ անչափահաս դատապարտյալների գրադարանը Project Harmony-ի և մի շարք քաղաքացիների աջակցությամբ կհամալրվի ևս 60 գրքով: Միջոցառման վերջում ավարտական վկայականներն են հանձնվել անչափահաս դատապարտյալներին և դիպլոմներ՝ տարբեր մասնագիտությունների գծով ուսումնառած կին դատապարտյալներին: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացվում են համակարգչային օպերատորների, կարուձևի մասնագիտացման գծով ուսումնական դասընթացներ: Առաջիկայում անչափահաս տղաների համար նախատեսվում է նաև ավտոմեքենաների տեխնիկական ապահովման մասնագիտությամբ կրթական ծրագրեր դասավանդել: