Արդարադատության նախարարն այցելեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ. Առավոտ

08/09/2014

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը սեպտեմբերի 6-ին քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ տեղի խնդիրներին ծանոթանալու եւ դրանք ուսումնասիրելու նպատակով։ Aravot.am-ի տեղեկացմամբ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը ներկայացրել է, որ հիմնարկն ունի 382 կալանավոր, որոնցից 61-ը կալանավորված էին, իսկ մնացյալը փակ եւ կիսափակ տիպի ռեժիմով դատապարտյալներ են։ Շրջայցի ընթացքում նախարարը այցելել է կալանավորների երկարատեւ եւ կարճատեւ տեսակցության սենյակները, բանտախցերը, ծանոթացել ճաշարանային պայմաններին, նաեւ այցելել կալանավորների համար նախատեսված սպորտ դահլիճը, արհեստանոցները։ 
 Պրն նախարարը կարճատեւ զրույցներ է ունեցել այն դատապարտյալների հետ, որոնք ցանկանում էին նախարարին ներկայացնել իրենց խնդիրները, իսկ խնդիրները հիմնականում վերաբերել են վաղաժամ արձակման պայմաններին։ Դատապարտյալներից մեկը նախարարին եւ պրն Օսիկյանին նվիրել է իր ձեռքով արհեստանոցում պատրաստած փայտից արձանիկ, իսկ նախարարն էլ իր հերթին դատապարտյալին նվիրել է նոր գործիքակազմ եւ հորդորել միշտ աշխատել, քանի որ աշխատանքը միշտ կարեւոր է։ Իր այցի վերջում նախարարը ճաշել է դատապարտյալների հետ։ Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով եւ նշել, որ ընդհանուր առմամբ գոհ է հիմնարկի պայմաններից, սակայն մեկ անգամվա այցելությունը բավարար չէ տպավորություն կազմելու համար.«Խնդիրներ կան որոշակի շինարարական աշխատանքների մասով, կան հատվածներ, որտեղ կոնստրուկտիվ խնդիրներ են առաջացել եւ մեր նպատակն էլ հենց այն է, որպեսզի մինչեւ տարվա վերջ այդ խնդիրները շտկենք»։ Նախարարը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կգործարկվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որտեղ մոտ 400 դատապարտյալ կտեղափոխվի եւ այս կերպ կնվազեցվի այլ հիմնարկների ծանրաբեռնվածությունը։ 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: