Հանրային քննարկում Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի և «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

29/08/2014

 Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարությունն օգոստոսի 29-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում անցկացրել է հանրային քննարկում՝ Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի  և «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին  որոշումների նախագծերի վերաբերյալ:

 Քննարկմանը մասնակցել են ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու միջազգային փորձագետներ: 

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մեծապես կարևորում է դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագիրը, և նման միջոցառումներն այդ բարեփոխումների մասն են կազմում: «Այս քննարկումների ժամանակ, ոչ միայն անդրադառնում ենք դատաիրավական համակարգի խնդիրներին, այլև ձեր մասնագիտական տեսանկյունից արված առաջարկությունները դնում ենք բարեփոխումների հիմքում»,- ասել է Արտյոմ Գեղամյանը:

 Նրա խոսքով՝ եվրոպական գործընկերների հետ իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում դատական իշխանության մեջ գենդերային հավասարակշռության ապահովումը կարևորագույն պահանջներից մեկն է: «Ցանկացած պետական կառավարման և այլ համակարգերում կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը պետք է լինի ողջամիտ: Այս գործողությունների ծրագիրը, որը ներկայացնում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրությանը, պետք է իրականացնենք մի շարք այլ հաստատությունների հետ։ Մենք առաջնահերթ ուզում ենք աշխատել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, որովհետև ցանկանում ենք իրավաբանական ֆակուլտետների իգական սեռի ներկայացուցիչների համար ներկայացնել ապագայում դատական իշխանությունում կարիերա անելու լայն հնարավորությունները»,- նշել է նախարարի տեղակալը:

  ՀՀ արդարադատության նախարարության Եվրաինտեգրման և զարգացման բաժնի պետ Նելլի Գասպարյանի ներկայացմամբ, առաջարկվում է գործողությունների շարք մշակել, որոնք պետք է շահագրգռեն կանանց` ներգրավվածություն ապահովել դատական ատյաններում: 

 ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով  «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին  որոշման նախագիծը, նշել է, որ շատ հաճախ մարդիկ դատավորի ոչ պատշաճ վարքը շփոթում են օրենքի խախտման հետ: Նրա համոզմամբ, դատավորն, էթիկայի կանոնների շրջանակում, պարտավոր է կարգուկանոն պահպանել դատական նիստերի դահլիճում, դատական նիստին մասնակցող անձանցից պահանջել պատշաճ և հարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ: 

 Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ոլորտի մասնագետներն իրենց առարկություններն ու առաջարկություններն են ներկայացրել  դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության վերաբերյալ գործողությունների ծրագրով նախատեսված դրույթների, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոններ սահմանելու վերաբերյալ:

 Մասնավորապես՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացնելով իր մտահոգությունը, նշել է, որ մինչև դատական իշխանության անկախության համար անհրաժեշտ իրավական բազան չձևավորվի` դատավորի անկախության պահանջները կամ վարքագծի կանոնները չեն աշխատելու:

 Զեկուցողները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հորդորել են ներկայացված թեմաների վերաբերյալ կառուցողական առաջարկները ներկայացնել նաև գրավոր տարբերակով:

 ՀՀ արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է հանրային քննարկումների և, հատկապես,  հասարակական կազմակերպությունների դերակատարությունը դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս: Հանրային քննարկումների ժամանակ հնչած կարծիքներն ու դիրքորոշումները հաշվի են առնվելու հետագայում կատարվող օրենսդրական բարեփոխումների ժամանակ: