Աշխատանքային առաջին հանդիպումը ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների հետ

12/09/2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը  քննարկվել  են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարևորություն ունեցող հարցերին և տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու: «Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը «զագսի»  գրասենյակների աշխատանքների նկատմամբ, այն մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է բարելավենք, քննարկենք և հասկանանք, թե ինչով կարող է արդարադատության նախարարությունը աջակցել ձեզ»,-նշել է  նախարարը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համառոտ ներկայացրել է  քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում բարեփոխումների ընթացքը: Նա նշել է, որ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես էլեկտրոնային կառավարման միջոցով, քաղաքացիների կողմից դիմում գրելու պրակտիկան վերացվելու է, դրանք կարվեն տեղում, իսկ քաղաքացիները միայն ստորագրելու են: Նրա խոսքով՝ էլեկտրոնային կառավարման աշխատանքների կազմակերպման նպատակով արդեն տեղադրվել է 157 համակրգիչ, 129 տպիչ և առաջիկայում նախատեսվում է համալրել այլ անհրաժեշտ սարքերով, իսկ նախկինում գրանցված թղթային փաստաթղթերը թվայնացվելու են: «Արդեն ՔԿԱԳ 31 ստորաբաժանումներ անցել են էլեկտրոնային կառավարման համակարգին, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ գործընթացը հեշտացվի և ամեն ինչ ներկայացվի էլեկտրոնային տարբերակով: Կազմակերպվելու են դասընթացներ, որպեսզի աշխատակիցները տիրապետեն բոլոր տեխնիկական միջոցներին»,-նշել է Սուրեն Քրմոյանը: Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ նշված  աշխատանքներն անընդհատ բարելավվելու են և ստեղծվելու  է կազմակերպչական այնպիսի ընթացակարգ ու կառուցվածք, որը հնարավորություն կտա խնդիրների առաջացման դեպքում անմիջապես  տալ արդյունավետ լուծումներ: ՔԿԱԳ պետերից  մեկի հարցին, թե հնարավոր է ՔԿԱԳ-ները նորից վերադառնան արդարադատության համակարգ, քանի որ իրենց մոտ առաջանում են խնդիրներ, որոնց չեն կարողանում լուծում տալ, նախարարը պատասխանել է, որ ավելի նպատակահարմար է այս ֆորմատով փորձել լուծումներ գտնել, իսկ առաջ քաշված տարբերակը կարող է այլընտրանքային լուծումներից մեկը լինել: Այնուհետև նախարարը խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ կան տարածքներ, որտեղ բարձրացում տեղի չի ունեցել, ուստի պետք է համայնքների առջև նման հարց բարձրացնել, իսկ եթե համայնքը չկարողանա, ապա Արդարադատության նախարարությունը կառաջարկի Տարածքային կառավարման նախարարությանը լուծել խնդիրը: «Այդ հարցը պետք է շատ արագ լուծվի, կարևոր է ձեր կողմից նման հարցերի բարձրացումը նախարարության առջև, որպեսզի մենք կարողանանք շատ արագ լուծումներ գտնել»,-ասել է  նախարարը: Ներկաները խոսել են հաստիքների սակավության և աշխատանքի ծանրաբեռնվածության մասին, ինչին ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանը պատասխանել է, էլեկտրոնային կառավարման համակարգին անցնելուց հետո ծանրաբեռնվածությունն էականորեն նվազելու է:

Ներկաներից մեկը մտահոգություն է հայտնել, որ քաղաքացիները հաճախ գերադասում են ամուսնութայն գրանցումն իրականացնել հարսանյաց սրահներում:  ՔԿԱԳ գործակալության պետը տեղեկացրել է, որ հարսանյաց հանդեսներին՝ ՔԿԱԳ տարածքից դուրս ամուսնություն գրանցելը աշխարհում ընդունված պրակտիկա է:  Նախարարը, անդրադառնալով հարցին, պատասխանել է, որ քաղաքացու ցանկությունն է այս հարցում կարևոր, մանավանդ, որ ներկայում չկան հանդիսությունների դահլիճներ, հնարավոր չէ ապահովել ամուսնության գրանցման հանդիսավոր մասը տարածքային ՔԿԱԳ մարմիններում: Նախարարի հավաստմամբ՝  Երևանում մոտ 2 ամսից կլինեն համապատասխան  մի քանի  դահլիճ, որոնց թիվը  հետագայում կավելանա:

ՀՀ արդարադատության նախարարը հստակ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել իր տեղակալին,  ՔԿԱԳ գործակալության պետին, ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողության տեսչության պետին՝ ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատանքների բարելավման վերաբերյալ:

Տարածքային ՔԿԱԳ պետերին Հովհաննես Մանուկյանը  հանձնարարել է քաղաքացիների նկատմամբ դրսևորել բարեկիրթ վերաբերմունք: «Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որևէ խտրականություն »,-շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ և հսկողություն իրականացնել դրանց հետևելու ուղղությամբ: Այնուհետև անդրադարձել է ծառայության մատուցման ժամկետներին, աշխատանքային ժամերին այլ գործերով զբաղվելու խնդիրներին, քաղաքացիներին բաժնից բաժին ուղարկելու պրակտիկային և մի շարք այլ խնդիրների, որոնք վեր են հանվել քաղաքացիների կողմից: Նախարարը  խստորեն կարգադրել է վերացնել ապօրինի պահանջները՝ զգուշացնելով, որ նման քայլերը չեն ներվելու, ինչպես նաև՝ չպահանջել գումարներ անվճար գործառույթների դեպքում: Այնուհետև նա հավաստիացրել է, որ ՔԿԱԳ յուրաքանչյուր աշխատակցի խնդիրը նախարարության խնդիրն է, և բարձրացված հարցերին տրվելու են համապատասխան լուծումներ:

Աշխատանքային  քննարկումը շարունակել են փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու նախարարության աշխատակազմի Վերահսկողական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը, ովքեր, լսել են ներկաների առաջարկություններն ու կարծիքները,  և պատասխանել հարցերին: