Սեմինար՝ «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով

06/11/2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է «Ցմահ ազատազրկման և անչափահասների արդարադատության եվրոպական քրեական իրավունքի չափորոշիչները» թեմայով սեմինարին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու Հայաստանի հելսինկյան կոմիտեի կազմակերպած միջոցառման նպատակն էր ներկայացնել ցմահ ազատազրկման դատապարտվածներին և անչափահասներին առնչվող քրեական իրավունքի վերաբերյալ միջազգային լավագույն փորձը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  ողջունել է ներկաներին և նշել, որ նախարարությունը շատ է կարևորում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նրա խոսքով՝ արդիականացման լայնածավալ աշխատանքներ են տարվում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի բարեփոխման ուղղությամբ:

Խոսելով պատժի նպատակներից՝ նախարարի տեղակալն ասել է, որ այն պետք է ուղղված լինի դատապարտվածին ազատության նախապատրաստելուն, որի արդյունքում անձը  ազատություն կվերադառնա որպես հասարակության լիարժեք անդամ:

«Մենք ժառանգել ենք սովետական քրեակատարողական հիմնարկներ, սակայն որդեգրել ենք նոր ՔԿՀ-ների կառուցման քաղաքականություն. շուտով կբացվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը»,- տեղեկացրել է Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ նախարարությունն իր առջև նպատակ է դրել նաև համադրելի դարձնել դատապարտյալների և տուժողների իրավունքները, որի նպատակով Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայություն. արդյունքում հայ հասարակությունում կարմատավորվի հաշտեցման ինստիտուտը և  հանդուրժողականությունը կդառնա սոցիալական վարքականոն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի պատասխանատու Ռադկա Ռուբիլինան նշել է, որ գրասենյակն օժանդակում է ընթացիկ իրավական և դատական ​​բարեփոխումներին և նպատակ ունի աջակցել քրեական արդարադատության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը սերտ և արդյունավետ համագործակության համար և նշել, որ այն հիմնված է փոխվստահության վրա: Նրա խոսքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրենց գործերը լուրջ վերանայելու անհրաժեշտություն ունեն:

Քրեական իրավունքի մասնագետ Գորան Շիմիչը սեմինարի մասնակիցներին է ներկայացրել քրեական իրավունքում պատիժների ընկալման և դրանց նպատակների վերաբերյալ զեկույցը և կարևորել պատժի ու հանցագործության կանխարգելման նպատակները: Նրա խոսքով՝ պատիժը պետք է խարսխված լինի դատապարտյալների վերասոցիալիզացիայի և մյուս քաղաքացիների պաշտպանվածության գիտակցության համադրության վրա:

Սեմինարին մասնակցել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: