Քննարկվել են Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ հարցեր

11/11/2014

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն այսօր մասնակցել է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կազմակերպած Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ համաժողովին:

 Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի հավատարմատար Ֆլոր Նուիտեն-Էլցինգան, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղացի ու միջազգային փարձագետներ, այլք:

 Արման Թաթոյանը կարևորել է նման համաժողովների կազմակերպումը, որը մարդու և հասարակության զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խտրականությունների և դրանց դրսևորումների կանխարգելման դեմ ուղղված միասնական ու հետևողական պայքարի խթանման միջոցներից մեկն է: Նա նշել է, որ ՀՀ կառավարության համար այս հարցը մեծ կարևորություն ունի, քանի որ Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ մարդու իրավունքների ոլորտում: «Մենք ունենք ռազմավարություն, որտեղ ամրագրել ենք այնպիսի դրույթ, համաձայն որի՝ պետք է ընդունվի խտրականության դեմ պայքարի մասին օրենք»,-ասել է փոխնախարարը: Արման Թաթոյանը կարևորել է նաև այդ աշխատանքներում միջազգային փորձագետների ներգրավումը՝ վստահեցնելով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստակամ է շարունակելու քննարկումներն այս ոլորտում:

 ՀՀ-ում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի հավատարմատար Ֆլոր Նուիտեն-Էլցինգան անդրադարձել է կարծիքների բազմազանության անհրաժեշտությանը՝ որպես խտրականության ձևերի վերացման լավագույն միջոց, քանի որ մարդը հասարակության մեջ կարող է ինքնաիրացվել միայն առանց խտրական վերաբերմունքի արժանանալու: «Հարկավոր են բանավեճեր հասարակության ներսում, անհրաժեշտ է հստակ սահմանագիծ, որը չպետք է խախտել. այդ դեպքում մենք կկարողանանք տեսնել բազմազանության ուժը»,-ընդգծել է նա: Համաժողովի ընթացքում փորձագետներն ու ՀԿ ներկայացուցիչները խոսել են նաև բռնության, դրա դրսևորման ձևերի ու վայրի մասին և ընդգծել, որ բռնությունները հաճախ գործադրվում են ուսումնական հաստատություններում և դառնում սոցիալական վարքականոն:

 Քննարկվել են հարցեր նաև կրոնական, սեռական, ֆիզիկական խտրականությունների վերաբերյալ, ներկայացվել են վիճակագրական տվյալներ և օրինակներ, մատնանշվել լուծման ուղիներ ու մեթոդներ: Ըստ փորձագետների՝ խտրականության դեմ օրենքի բացակայությունը առաջացնում է վակուում, որն էլ խթանում է այդ երևույթի տարածմանը որպես հասարակական հարաբերությունների բաղկացուցիչ:  Միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանի կարծիքով, Հայաստանում չկան իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի պայքարել խտրականության ու անհանդուրժողականության դեմ: Ըստ նրա՝ մենք չունենք այնպիսի կարևոր երևույթների քաղաքացիաիրավական սահմանումներ, ինչպիսիք են ասոցացված խտրականությունը, վիկտիմիզացիան, հետապնդումը: Համաժողովի ավարտին կազմակերպվել է խմբային աշխատանք խտրականության տարբեր ձևերի ու դրսևորումների, դրանց վերացման նպատակով օրենսդրական գործիքների մշակման վերաբերյալ: