Տեղեկանք Անդրանիկ Սողոյանի գործի վերաբերյալ

18/11/2014

 Անդրանիկ Սողոյանը ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է ս.թ. հոկտեմբերի 30-ին Երևանում: Նա Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 ՀՀ գլխավոր դատախազությունը Ա. Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն:

 ՀՀ արդարադատության նախարարության կողմից Ա. Սողոյանի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար: