Մեկնարկեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումը

05/12/2014

 ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր, ժամը 10:20-ին, մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման առաջին խմբի ստուգումը, որին մասնակցում է 28 դիմորդ:

 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլորին հաջողություն է մաղթել և նշել, որ  եթե յուրաքանչյուրը ճիշտ կատարի տրված առաջադրանքն ու հաղթահարի անցողիկ շեմը, ապա վստահ կլինենք, որ ունենք որակյալ թարգմանիչներ: «Ձեր միակ հույսը ձեր գիտելիքն է»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

 Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով թարգմանության համար նրանց տրվել է հայերեն և համապատասխան օտար լեզուներով 10 (տասը) առաջադրանք: Հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն կատարվող թարգմանությունների տեքստերը ներառում են իրավական փաստաթղթերից հատվածներ, նոտարիատի բնագավառի տեքստեր և այլն:

 Ստուգման արդյունքները գնահատվելու են 20 բալանոց համակարգով: Յուրաքանչյուր առաջադրանք գնահատվելու է 2 միավոր: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները:

 Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր:

 Երկրորդ խմբի ստուգումը կմեկնարկի նույնպես այսօր՝ ժամը 14:00-ին, իսկ երրորդ խմբինը՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին: