ՀՀ արդարադատության նախարարն աշխատանքային այցով Տավուշում էր

20/12/2014

 Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ նախարարին ներկայացվել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով մարզի բնակիչներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքացիներին նաև իրավական խորհրդատվություն են տրամադրել: 

 

 

Հովհաննես Մանուկյանի հանձնարարականները ` մարզային ստորաբաժանումների ղեկավարներին 

Նախարարն այցելել է Տավուշի մարզի  ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման, Այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ և նոտարական գրասենյակ:  Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է ՀՀ արդարադատության համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին,  ստուգել քաղաքացիների սպասարկման համար նախատեսված իրազեկող նյութերի առկայությունը, լսել բարձրաձայնած հարցերը: Նախարարը զրուցել է  նաև քաղաքացիների հետ,   հետաքրքրվել համակարգի վերաբերյալ նրանց կարծիքներով՝ հորդորելով չթաքցնել դժգոհությունները: Քաղաքացիները ներկայացրել են մի շարք հարցեր՝ խնդրելով, հնարավորության դեպքում, նպաստել փաստաթղթաշրջանառության դյուրացմանը: Հանձնարարականներ տալով համակարգի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին՝ նախարարը քաղաքացիներին խոստացել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել նրանց խնդրանքները:

Այցելություն  ՀՀ պետական սահմանին տեղակայված մարտական հենակետեր

  Մարզային այցի շրջանակում արդարադատության նախարարն այցելել է ՀՀ պետական սահմանին տեղակայված մարտական հենակետեր, որտեղ նրան են միացել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նրանք  ծանոթացել են հերթապահություն իրականացնող զինվորների առօրյային, հերթապահության կրման պայմաններին, մարտական պատրաստականությանն ու զինվորների բարոյահոգեբանական վիճակին: Նախարարներն ու մարզպետը շրջել են դիրքերում, եղել  առաջնագծի խրամատներում:

 Նախարարը մասնակցել է Երրորդ կայազորային կարգապահական վաշտի նորակառույց շենքի բացման պաշտոնական արարողությանը

  ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարները համատեղ մասնակցել են Իջևանի Երրորդ կայազորային կարգապահական վաշտի նորակառույց շենքի բացման արարողությանը: Նախարարները ծանոթացել են վաշտի շենքային պայմաններին, ծառայողների համար նախատեսված աշխատասենյակներին, ընդհանուր տեխնիկական հագեցվածությանը: 

Հովհաննես Մանուկյանն այցելել է երրորդ երկվորյակ որդիներ ունեցած իջևանաբնակ ընտանիքի անդամներին 

        Արդարադատության նախարարն իր մարզային այցն ավարտել է վերջերս երրորդ երկվորյակ որդիներն ունեցած իջևանաբնակ ընտանիքի հետ հանդիպմամբ: Հովհաննես Մանուկյանը նրանց է փոխանցել իր և պաշտպանության նախարարի նվերները: Նախարարը ծանոթացել է երեխաների հետ և  զրուցել ընտանիքի հոր հետ: Հովհաննես Մանուկյանը երեխաներին մաղթել է առողջություն և  ուրախ տոներ: