Այցելություն ՀՀ ՊՆ ԶՈԻ Գյումրիի N զորամաս

26/12/2014

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը դեկտեմբերի 26-ին, Ամանորին ընդառաջ, այցելել են Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գյումրիի N զորամաս, հանդիպել սպայական անձնակազմի և զինվորների հետ:

 Արսեն Մկրտչյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և նախարարության աշխատակիցների անունից նվերներ է հանձնել Շիրակի կայազորի պետ, փոխգնդապետ Ռաֆայել Շահգելդյանին: Նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ arlis որոնողական համակարգերով հագեցված համակարգիչները և առաջին անհրաժեշտության պարագաները օգտակար կլինեն զինվորների համար՝ գործող իրավական ակտերին ծանոթանալու, լրացուցիչ իրավական կրթություն ստանալու և առօրյայում դրանք օգտագործելու առումով:

 Զինվորական ողջույնից հետո Արսեն Մկրտչյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

 Նախարարի առաջին տեղակալը հայ զինվորին և հայ սպային մաղթել է առողջություն, հաջողություն: «Թող նոր տարին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար լինի խաղաղության և ձեռքբերումների տարի, Հայոց բանակը պատվով կատարի իր առջև դրված խնդիրներն ու ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

 Նախարարի առաջին տեղակալն ու նախարարի խորհրդականը, Գյումրի կատարած այցի շրջանակում, այցելել են նաև նախարարության համակարգում գործող Այլընտրանքային պատիժների կատարման ծառայության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մարզային ու քաղաքային ստորաբաժանումներ, եղել Նոտարական գրասենյակում, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին, նրանց խնդիրներին ու զրուցել քաղաքացիների հետ: