Հարմարավետ բանտ՝ թեկուզ Չոբանքյարայում. Հայկական ժամանակ

27/12/2014

«Արմավիր» նորակառույց քրեակատարողական հիմնարկը, որը գտնվում է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տեղանքում, 2015-ի հունվարին կսկսի ընդունել առաջին դատապարտյալներին, ովքեր այստեղ կտեղափոխվեն այլ ՔԿՀ-ներից: 

Ժամանակի ընթացքում «Արմավիր» կտեղափոխվեն նաեւ ցմահ դատապարտյալներ. ներկայում Հայաստանի բոլոր 104 ցմահ ազատազրկման դատապարտվածները պահվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: 

«Արմավիր» ՔԿՀ նաեւ ցմահներ կտեղափոխվեն 

Ս/թ. նոյեմբերի 29-ին բացված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի դռները դեռ փակ են դատապարտյալների առաջ: Վերջնական նախապատրաստական աշխատանքներից հետո շուրջ 400 դատապարտյալ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կտեղափոխվի 2015 թվականի սկզբին: Այս մասին դեկտեմբերի 25-ին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: 

«Արդարադատության նախարարի հանձնարարությամբ պետք է մինչեւ տարեվերջ ամբողջ նախապատրաստական աշխատանքները ավարտենք, որ հաջորդ տարվա սկզբից արդեն իրականացվեն դատապարտյալների տեղափոխման աշխատանքները»,- ասաց փոխնախարարը: 

- Պարոն Քրմոյան, ո՞վ է զբաղեցնում «Արմավիր» ՔԿՀ-ի պետի պաշտոնը: Տեղակալներ նշանակվե՞լ են, թե՝ ոչ, եթե այո, ապա ովքե՞ր են: 

- «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարի պաշտոնում նշանակվել է արդարադատության գնդապետ Արսեն Խշտոյանը, նա եղել է «Սեւան» ՔԿՀ-ի պետը: Խշտոյանը այս պաշտոնում նշանակվել է մինչեւ հիմնարկի շահագործման հանձնումը, մասնակցել է ՔԿՀ-ի նախապատրաստական աշխատանքներին: Տեղակալներ են նշանակվել արդարադատության մայոր Աղասի Առաքելյանը եւ փոխգնդապետ Արմեն Այդինյանը: Արդեն իսկ կոլեկտիվը համալրվում է: Քրեակատարողական վարչությունը ներկայումս իրականացնում է թե՛ նոր աշխատողների ներգրավման եւ թե՛ արդեն գործող ՔԿՀ-ներից աշխատողների տեղափոխման աշխատանքներ: Շատերն են ցանկություն հայտնում աշխատել «Արմավիր»-ում: Ջեռուցում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, խոհանոցային պարագաները եւ կահույքը պատրաստ են, հիմա վերջնական նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: 

- Պարոն Քրմոյան, նշեցիք, որ դատապարտյալները դեռ չեն տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նախ՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվում այն դատապարտյալները, ովքեր տեղափոխվելու են այդ հիմնարկ: Կոռուպցիոն ռիսկեր այստեղ չկա՞ն: 

- «Արմավիր»-ը նախատեսված է փակ եւ կիսափակ տիպի ռեժիմով դատապարտյալների համար: Այսինքն՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձինք, ովքեր ունեն հանցագործության ծանրություն, պատժաչափի տեւողություն, կարող են տեղափոխվել «Արմավիր»: Որոշումը կայացնելու է արդարադատության նախարարի հրամանով ստեղծված Տեղաբաշխման հանձնաժողովը: Կա նաեւ լրացուցիչ կանոն՝ համակեցության, ՔԿՀ-ի ղեկավարությունը պետք է որոշի, թե որ խցում պետք է անձը գտնվի. ՔԿՀ-ն պետք է ապահովի, որ այդ մարդիկ համատեղելի լինեն, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն: Յուրաքանչյուր խցում 4 դատապարտյալ է լինելու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: