Արդարադատության նախարարի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28/01/2015

 Սիրելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, հարգելի զինվորներ,

 Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ։

 Մեր իմաստուն ժողովրդի խաղաղասիրության, հայրենասիրության և կամքի արդյունքում է ծնվել մեր բանակը: Վերջին ժամանակներս հակառակորդի անհարկի ակտիվացումը ծանր է անդրադառնում բոլորիս վրա: Ցավոք, դավադիր գնդակից զոհված մեր տղաներին չի լինի ետ վերադարձնել, բայց նրանց սխրանքը սերունդներին փոխանցելու լավագույն հայրենասիրական դասն է, որն ամրացնում և հզորացնում է մարտական ոգին: Հենց այս իրավիճակում էլ, ամեն օր նորանոր մարտահրավերներ հաղթահարելով, ամրանում և կոփվում է մեր զինվորը՝ հանուն Հայրենիքի խաղաղության:

Հպարտ ենք, որ մեր բանակի մարտունակության շնորհիվ հաճախ չենք էլ հիշում, որ ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում

Հայ զինվորի արիության, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմի և Արցախյան պատերազմում հաղթած Երկրապահի ոգով հույս ու հավատ է ստանում մի ողջ ժողովուրդ, ով անհանգստությունը սրտում հետևում է մեր բանակի հաջողություններին և վշտանում ամեն կորստով: Ձեզ ուժ, կորով, արիություն և անառիկություն եմ մաղթում:

Աստված պահապան, Փառք ու Պատիվ մեր հուսալի պաշտպան Հայոց բանակին...

ՀՀ արդարադատության նախարար

Հովհաննես Մանուկյան