Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստ

11/02/2015

  ՀՀ արադարադատության նախարարությունում փետրվարի 10-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի նիստ, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ինչպես նաև 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ողջունել է նիստի մասնակիցներին և կարևորել օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ կառուցողական քննարկում ունենալու անհրաժեշտությունը:

 Խորհրդի անդամների առաջարկով օրակարգային առաջին հարցի՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» և դրան կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվել է` պայմանով, որ առաջիկայում այս նախագծի համար ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ստացված շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկները կամբողջացնի և արդեն ավարտուն տարբերակով այն կներկայացնի Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի քննարկմանը: Որոշվել է նաև այս նախագծի վերաբերյալ ունենալ փաստաթուղթ, որում ներառված կլինեն բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները:

 Արդարադատության նախարարի տեղակալը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել օրակարգի երկրորդ հարցը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են խոշտանգման համար քրեական պատասխանատվություն սահմանող հանցակազմին, դրա հատկանիշներին: Արման Թաթոյանի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններով:

 «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը խորհրդի անդամներին է տրամադրել օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ՝ ակնկալելով կարծիքներ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Նախարարի տեղակալը խոստացել է ուսումնասիրել առաջարկները և կարճ ժամկետում ներկայացնել Նախարարության դիրքորոշումը:

 Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի քարտուղար Մարիամ Գալստյանը Հանրային խորհրդի քննարկմանն է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու  մասին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն առաջարկել է անվանափոխություն կատարել և այն դարձնել Կոռուպցիոն ռիսկերի գնահատման խորհուրդ, խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվն ավելացնել, իսկ Խորհրդի տարեկան հաշվետվությունը ներկայացնել նաև Ազգային ժողովի քննարկմանը:    

ՀՀ ԱՆ օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչության փորձագետ Աղանիկ Ավետիսյանը ներկայացրել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» (հաշտարարության ինստիտուտի հետ կապված) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

 Նրա խոսքով՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես տնտեսական, առևտրային, ինչպես նաև ընտանեկան ու աշխատանքային վեճերն աստիճանաբար քննության առարկա են դառնում հենց արբիտրաժային տրիբունալների կողմից: «Առևտրային արբիտրաժի զարգացումը ՀՀ-ում ստիպում է որոշակի ընդհանուր կանոններ սահմանել արբիտրների վարքագծի նկատմամբ, քանի որ զսպումների ու հակակշիռների բացակայությունը արբիտրաժային վարույթի ընթացքում կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ արբիտրները դրսևորեն որոշակի կամայականություն»,- ասել է Աղանիկ Ավետիսյանը:

 Նախարարության ներկայացուցչի կարծիքով՝ հաշտարարության ինստիտուտի ներդրման վերաբերյալ իրավական ակտի ստեղծմամբ կնպաստենք վեճերի արդյունավետ, արագ, ժողովրդավարական և մատչելի ձևով լուծմանը, ՀՀ դատական համակարգի բեռնաթափմանը, հաշտարարության ինստիտուտի իրավական հիմքերի ու դատարաններին կից մեդիացիոն կենտրոնի ստեղծմանը:

 Նիստի ընթացքում Խորհրդի աշխատանքներին է միացել նաև Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ում ներկայացվել է օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների դիրքորոշումն ու կարծիքները: Նախարարն առաջարկել է բոլոր դիտարկումները գրավոր տեսքով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ դրանք քննարկելու և համապատասխան դիրքորոշում ձևավորելու նպատակով: