Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճ է գրանցվել

13/02/2015

 Այսօր՝ փետրվարի 13-ին,  «ԴԻԱԼՈԳ» մամուլի ակումբում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են՝ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գործակալության (ՔԿԱԳ) պետ Արգամ Ստեփանյանը, ամուսնալուծությունների գծով փաստաբան Լիաննա Բալյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:

 Բանախոսները  ներկայացրել են ամուսնությունների և ամուսնալուծությունների անցած տարիների վիճակագրական պատկերը Հայաստանում, իսկ հոգեբանը  խոսել է ամուսնալուծությունների հիմնական պատճառների մասին:

  Արգամ Ստեփանյանի խոսքով, եթե 2012 թվականին եղել է տարեկան շուրջ 3400 ամուսնալուծություն, իսկ 2013 թվականին  դրանց թիվը 3900 էր, ապա 2014 թվականին ամուսնալուծությունների թիվը հասել է մինչև 4600-ի:

  Փաստաբան Լիանա Բալյանը նշել է, որ վերջին տարիներին ամուսնալուծվում են հիմնականում 90-ական թվականներին ծնվածները:

Նրա տեղեկացմամբ՝  ամուսնալուծությունների թվի աճին նպաստել են   արևմտյան բարքերն ու երիտասարդների կողմից   ընտանեկան արժեքների ստորադասումը, սոցիալական ցանցերի դերը, արտագնա աշխատանքը, ինչպես նաև օրենսդրական թերությունները:  

Լիանա Բալյանը կարևորեց նաև հոգեբանի ներկայությունը դատական վեճերի ժամանակ:

Հոգեբան Իրինա Ծատուրյանի համոզմամբ՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ երիտասարդների մեծ մասը լրջությամբ չի մոտենում ամուսնությանը:

Իրինա Ծատուրյանը նշել է,որ իր պրակտիկայում հանդիպել է շատ զույգերի, որոնց հետ տարած հոգեբանական աշխատանքից հետո նրանք հրաժարվել են ամուսնալուծվելու մտքից, և միայն զույգերի 5 տոկոսն է, որ գնացել է այդ քայլին:

 Քննարկման արդյունքում, երեք բանախոսներն էլ պայմանավորվեցին հետագայում համագործակցել միմյանց հետ և Հայաստանում զարգացնել մեդիացիայի ինստիտուտի գաղափարը:


 Մեդիացիան վեճերի այլընտրանքային լուծման մեթոդ է : Այն չեզոք միջնորդի մասնակցությամբ բանակցությունների առանձնահատուկ ձև է, որի նպատակը կառուցողական որոշման որոնման խրախուսումն է: