Հանրային քննարկման է ներկայացվում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը

09/03/2015

 Հանրային քննարկման է դրվում ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը:

 Հայաստանի Հանրապետությունում մինչ օրս գործում է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը: Իր ընդունման պահին այն միասնական և համակարգված ակտ էր, որը համապարփակ կերպով կարգավորում էր վարչական իրավախախտումների հետ կապված հարաբերությունները:          Այնուամենայնիվ, խորհրդային կարգերի փլուզմամբ, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամբ և Սահմանադրության ընդունմամբ առաջացած նոր քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական պայմաններին համահունչ վարչական իրավախախտումների նոր օրենսգիրք մինչ օրս չի ընդունվել: Ավելին, օրենսգրքում դեռևս առկա են բազմաթիվ հոդվածներ, որոնք շարունակում են հղում կատարել անգամ ԽՍՀՄ օրենսդրությանը կամ վարչական տույժեր կիրառող մարմինների թվում շարունակում են մնալ այնպիսիք, որոնք անկախությունից ի վեր այլևս գոյություն չունեն:

Հենց նշվածով պայմանավորված 1993-2013 թվականներն ընկած ժամանակահատվածում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվել են ավելի, քան 160 փոփոխություններ և լրացումներ: Կատարված փոփոխությունների և լրացումների զգալի մասը կրում էին դրվագային կամ հատվածական բնույթ, ինչը էլ ավելի նպաստեց օրենսգրքում նոր թերությունների առաջացմանը:

  Այսպիսով, անկախ Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգից էականորեն տարբերվող խորհրդային վարչակարգի կողմից ընդունված և մինչ օրս գործող Օրենսգիրքն իր հիմքում դրված տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ և բազում այլ օրենքների հետ ունեցած հակասություններով, փաստացի կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, վարչական պատասխանատվության ոչ լիարժեք միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին:

  Ուստի, մշակվել և հանրային քննարկման է դրվում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագիծը, որով հնարավորինս համապարփակ ձևով սահմանվում են առկա խնդիրների օրենսդրական կարգավորումները, որոնք այլ օրենսդրական ակտերի հետ գտնվում են ներդաշնակության մեջ և որոնց անհրաժեշտությունը ամրապնդված է գործնական փորձով:

Հաշվի առնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ մեկ միասնական կոդիֆիկացված իրավական ակտի առկայության անհրաժեշտությունը, որն զգալիորեն կնպաստի վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանը՝ Նախագծի հիմնական դրույթների հիմքում դրվել է այն սկզբունքը, որ չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների օրենսգրքով: Այսինքն՝ վարչական իրավախախտումները և դրանց համար պատասխանատվությունն այլևս սահմանվելու են բացառապես ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքով: Մնացած բոլոր հատուկ օրենքներից ուժը կորցրած են ճանաչվելու վարչական պատասխանատվություն նախատեսող դրույթները, որոնք համապատասխանաբար տեղայնացվել են Նախագծում: