«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալները «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ են ստացել

12/03/2015

 ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 41 դատապարտյալ ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ՝ «Խոհարարի» և «Հյուսն ատաղձագործի» մասնագիտությունների գծով:

 Վկայականների հանձնման արարողությանը  ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը,  «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը, Քրեակատարողական վարչության  ներկայացուցիչներ:

 Խաչատուր Տոնոյանը շնորհավորել է ներկաներին վկայականներ ստանալու կապակցությամբ և բարձր գնահատել «Արթիկ» ՔԿՀ-ի և Գյումրու արհեստագործական ուսումնարանի միջև համագործակցությունը:

  «Ողջունելի է, երբ դատապարտյալը, անազատության մեջ գտնվելով, հնարավորություն ունի ստանալու մասնագիտություն, ինչի շնորհիվ ստացած գիտելիքները հետագայում կկարողանա կիրառել առօրյա կյանքում».- ասել է հիմնադրամի տնօրենը:

  «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը նույնպես կարևորել է  նման միջոցառումների անցկացումը քրեկատարողական հիմնարկներում և հույս հայտնել, որ ուսումնական ծրագիրը շարունակական բնույթ կկրի:

  Հիշեցնենք, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին նույնպես շնորհվել էր Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» և «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով: