Կլոր-սեղան քննարկում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով

13/03/2015

 ՀՀ արդարադատության նախարարությունը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի  հետ համատեղ,  Երևանում մարտի 12-ին կազմակերպել էր  կլոր-սեղան քննարկում՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նոր մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով:

 Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ծրագրի ղեկավար Կամիլ Գանգլոֆը, Միջազգային ինստիտուտների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության բաժնի աշխատակից Մաթիաս Կլոթը, ՄԻԵԴ նախկին իրավաբան, ԵԽ փորձագետ Անա-Մարիա Թելբիսը:

 Հանդիպման ընթացքում անդրադարձել է կատարվել ՄԻԵԴ-ում գանգատների ընդունելիության նոր չափանիշներին և առկա մարտահրավերներին, ՄԻԵԴ-ում քննության ենթակա գործերի մեծ քանակի և դրանով պայմանավորված խնդիրների լուծման ուղիներին: Մասնավորապես՝ ներկայացվել են դատարանում գործերի կուտակման պատճառները, կրկնվող գործերի նկատմամբ մեթոդաբանական և համակարգված մոտեցումը, ձևավորված նախադեպային իրավունքների և դրա  շրջանակում երեք դատավորներից բաղկացած հանձնաժողովի կողմից գործերի քննության կարգն ու այլ կարևոր հարցեր:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ողջունել է ներկաներին և կարևորել նման ձևաչափով քննարկումների անցկացումը:

 Նրա խոսքով՝ մեկնարկած այս ծրագիրը կապված է ՀՀ ԱՆ Մարդու իրավունքների  եվրոպական դատարանի հետ կապերի  վարչության գործունության հետ և ուղղված է Եվրոպական դատարանի իրավական չափանիշների  ներդրմանը, դրանց առավել լիարժեք իրացմանը:

 «Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ-պետություն այսօր անհանգստացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև ծառացած խնդիրներով, և յուրաքանչյուր պետություն փորձում է միջոցներ ձեռնարկել այս ինստիտուտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասել է նախարարի տեղակալը:

 Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև ad-hoc (ժամանակավոր) դատավորների ինստիտուտի ներդրմանը, կարևորել մեկ դատավորի կազմով գործերի քննության կարգն ու ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետությունը:

 Ծրագրի համակարգող Կամիլ Գանգլոֆն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը համագործակցության համար և  հույս հայտնել, որ այն  շարունակական բնույթ կկրի:

«Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում լիարժեք բարելավել մարդու իրավունքների երաշխավորման համակարգը, որը և գտնվում է Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ-պետությունների ուշադրության կենտրոնում»,- նշել է Կամիլ Գանգլոֆը:

 ԵԽ փորձագետ Անա-Մարիա Թելբիսը խոսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության և մարտահրավերների մասին, ներկայացրել ՄԻԵԴ-ում քննության ենթական գործերի վիճակագրությունը, ՄԻԵԴ-ում Հայաստանից քննության ենթակա գործերի քանակը: Տարեկան այն կազմում է 1040, որից 184-ը մեկ դատավորի կազմով քննվող գործեր են:

 Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ դատական դեպարտամենտի, Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ իրավապաշտպաններ: