Կլոր-սեղան քննարկում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ

16/03/2015

 Ծաղկաձորում մարտի 13-14–ը տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ և վերաքննիչ դատարանների դատավորներ, ՀՀ արդարադատության նախարարության, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ: 

 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու շնորհակալություն հայտնել եվրոպացի գործընկերներին և նախագծի լրամշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներին:

 Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ օրենսգրքում փոփոխություն կատարելու համար հիմք է հանդիսացել Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու  մասին ՀՀ նախագահի կարգադրությունը, որն ուղղված է արդյունավետ դատական քննության իրավունքի ապահովմանը, ինչպես նաև կողմերի իրավունքների հավասարակշռմանը:

 «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ամբողջությամբ լրամշակվում է` նկատի ունենալով մի շարք որդեգրած հիմնարար ուղղություններ, մասնավորապես՝ այլընտրանքային վեճերի լուծման խթանում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավում»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենսգրքում տեղ գտած որոշ դրույթներ, որոնք մասնավորապես՝ վերաբերել են փորձաքննության անցկացման կարգին, լրացուցիչ և կրկնակի փորձաքննություններին, դատական ծանուցման կարգին և այլ հարցերի: 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի խոսքով՝ որպես դրական քայլ կարելի է արձանագրել այն փաստը, որ այս աշխատանքների միջոցով ուժեղացվում է դատական նիստի նախապատրաստական աշխատանքները, մեծանում է դատավորի պատասխանատվությունը: «Արդյունքում, մինչև դատական քննության անցնելը, բոլոր հարցերն ու խնդիրները կարգավորված կլինեն, և դատաքննության ընթացքում որևէ այլ խոչընդոտներ չեն առաջանա»,- ասել է Երվանդ Խունդկարյանը՝ կարևորելով նաև ապացուցման բեռի բաշխման հետ կապված մանրամասն կանոնակարգումները:

 ՀՀ արդարադատության նախարարության, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունը: