Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատումը՝ կարգավորիչ գիլյոտինի շարունակություն

01/04/2015

 ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են Երևանում այսօր մեկնարկած «Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում. միջազգային փորձ» վերապատրաստման ծրագրին:

 Այն կազմակերպվել էր Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի և «Ալֆափլաս քոնսալթինգ» ընկերության համատեղ ջանքերով, որին մասնակցել են ոլորտում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ և շուրջ 80 քաղծառայող:

 Հայաստանում օրենսդրական կարգավորման օրակարգը ներկայացրել է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը՝ կարևորելով Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությունը և արդեն գրանցած արդյունքները: «Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ծրագրի առաջին փուլը տնտեսապես արդյունավետ  է եղել: Ավելին, երկրորդ փուլի շարունակությունը կհանգեցնի առավել շոշափելի տնտեսական արդյունքների, որը կապահովի գործարար միջավայրի և քաղաքացիների համար օրենսդրական կարգավորումների ծախսերի ցածր մակարդակը՝ նաև այդ ծրագրի երկրորդ փուլով նախատեսված կարգավորման ազդեցության գնահատման մեխանիզմների կիրառման միջոցով»,- ասել է նա:

 «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն այս տարվա հուլիսին կավարտի  երկրում գործող իրավական ակտերի վերանայումը, ինչից հետո կսկսվի մի նոր փուլ՝ գնահատելու օրենսդրական կարգավորման ազդեցությունը մինչ օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալը, որպեսզի կարճ ժամանակ անց օրենսդրական դաշտը կրկին չծանրաբեռնվի բարդ իրավական ակտերով և բյուրոկրատական խոչընդոտներով, ինչպես տեղի է ունեցել մի քանի երկրներում: Այս անցումային փուլի համար նման խորհրդակցությունը չափազանց կարևոր է: Այն հնարավորության կտա ծանոթանալ կարգավորիչ ազդեցության գնահատման միջազգային լավագույն փորձին և ուրվագծել մեր հետագա աշխատանքները»,- ասել է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

 «Ալֆափլաս քոնսալթինգ»-ի տնօրեն Ալեքսանդր Պողոսյանը՝ կարևորելով օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատումը, նշեց միջոցառմանը ներկա քաղծառայողների ընդգրկվածության կարևորությունն այս գործընթացում: «Միջազգային փորձառու խորհրդատուների ներգրավումը, միջազգային փորձի կիրառումը, ազգային կենտրոնի աշխատակիցների հմտությունների ամրապնդումն իհարկե խիստ կարևոր են, սակայն պակաս կարևոր չէ այդ գիտելիքներն ու հմտությունները արդյունավետորեն փոխանցելը նախարարությունների, գերատեսչությունների համապատասխան անձնակազմին: Չէ՞ որ իրենք են այդ բարեփոխումների բուն կիրարկման պատասխանատու մարմինները»,- ասել է նա:

 Հիմնական բանախոսը՝ իռլանդացի փորձագետ Էդուարդ Դոնելանը ներկայացրել է կարգավորման կառավարման միջազգային ուսումնասիրությունը՝ անդրադառնալով քաղաքականության մշակմանը, օրենքների նախագծմանն ու օրենսդրական նախագծերի բարելավմանը, ինչպես նաև պետական կառավարմանն ու դրա բարեփոխումներին: «Ես ուսումնասիրել եմ այս բնագավառի բազմաթիվ երկրների փորձը, այդ թվում` Հայաստանինը, և պետք է ասեմ, որ Հայաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղ կարգավորիչ գիլյոտին է իրականացվել: Այս կարգի բարեփոխումները սովորաբար հեշտ չեն ընթանում և բախվում են իներցիայի, նույնիսկ բացահայտ դիմադրության: Այսինքն, ճիշտ մեթոդաբանության ընտրությունից և լիազորված մարմնի ստեղծումից բացի, անհրաժեշտ է հետևողականություն` նախաձեռնվող բարեփոխումների փաթեթները կյանքի կոչելու համար: Պակաս կարևոր չէ նաև բարեփոխումների հիմնական թիրախի՝ բնակչության և բիզնեսների իրազեկումը` հասկանալով, որ բարեփոխումներն ինքնանպատակ չեն»,- ասել է Է. Դոնելանը:

 Քաղծառայողների համար կազմակերպված ծրագրից հետո վերապատրաստումները ևս երկու օր կշարունակվեն Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում՝ կենտրոնի փորձագետների համար: Այս օրերին Է. Դոնելանը մասնակիցներին կծանոթացնի գոյություն ունեցող օրենսդրությունը բարելավելու և իրավական նոր ակտեր ստեղծելու միջազգային լավագույն փորձին, կարգավորիչ ազդեցության գնահատմանը, վարչարարության նվազեցման օրինակներին, ինչպես նաև ծախսերի կրճատման և դրանք չափելու մոդելներին: Եռօրյա խորհրդակցությանը կհետևի քաղծառայողների համար պատրաստված մեկ այլ դասընթաց՝ ապրիլի 16-23-ը, որը կվարեն Կարգավորիչ գիլյոտինի վերապատրաստված փորձագետները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն