Համագործակցության հուշագիր Արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև

03/04/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Այն ուղղված է Ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովելուն։        

  Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ընդհանուր աշխատանքի որակապես նոր փուլ մտնելու կապակցությամբ և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքներին:

  Նրա խոսքով՝ 2014 թվականից գործարկված քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը ոչ միայն բարելավում է ծառայության որակն ու կրճատում ժամկետները, այլև ճշգրիտ վիճակագրություն վարելու հնարավորություն է տալիս:

  «Դեռ վերջերս ՔԿԱԳ համակարգը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն էր ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների վերաբերյալ: Էլեկտրոնային եղանակով հավաքված տվյալները տպվում էին, հետո թղթային ձևով հանձնվում Վիճակագրական ծառայություն, որտեղ էլ տվյալները նորից մուտք էին արվում համակարգիչներ: Այս հուշագրի ստորագրման պահից մեր երկրի ողջ տարածքի ՔԿԱԳ գրասենյակներից Վիճակագրական ծառայության համար նախատեսված բոլոր տվյալները համակարգիչ մուտք անելու պահից հասանելի կդառնան Ծառայությանը»,- ասել է նախարարը և ընդգծել, որ նման եղանակով տվյալների փոխանցումն ավելի արդյունավետ է դարձնում այդ ոլորտում տարվող պետության քաղաքականությունը:

  Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նույնպես կարևորել է փաստաթղթի ստորագրումն ու նշել, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված տեղեկություններն այսուհետ իրական ռեժիմում կտրամադրվեն Ծառայությանը՝ վիճակագրական մշակման աշխատանքները էլեկտրոնային եղանակով և առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

 Դրանք կվերաբերեն ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման, անվան փոխման, մահվան, որդեգրման գրանցումներով ամրագրված տեղեկություններին, որոնք հիմք են հադիսանում համապատասխան վիճակագրական տվյալների մշակման աշխատանքների համար։

  Համագործակցության հուշագիրը կնպաստի նաև երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառության դյուրացմանը, փաստաթղթային շրջանառության ընթացքում սխալների և բացթողումների բացառմանը, պետական բյուջեից կատարվող  ծախսերի կրճատմանը: