«Աբովյան» ՔԿՀ-ում նշվել է Մայրության և գեղեցկության տոնը

07/04/2015

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը, «Տարոն» գեղագիտական կենտրոնի աջակցությամբ, ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

«Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ռոբերտ Բուդաղյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանն ու ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը ՔԿՀ-ներում այսօրինակ միջոցառումների կազմակերպման համար և նշել, որ կանայք ամենուր են արժանի ուշադրության:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի փոխտնօրեն Ղազար Ղազարյանը շնորհավորել է կանանց տոնի առթիվ՝ կին դատապարտյալներին մաղթելով հաջողություն, երջանկություն և նպատակների իրականացում:

Ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի «Տարոն» գեղագիտական կենտրոնի «Շիրխանի» ավանդական պարի անսամբլն իր կատարումով տոնական տրամադրություն է հաղորդել դատապարտյալ կանանց:

Կենտրոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Թադևոսյանը ևս կանանց մաղթել է շուտափույթ վերադարձ ընտանիք և նշել, որ «Տարոն» գեղագիտական կենտրոնը շուրջ 25 տարի մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող միջոցառումներին:

Կին դատապարտյալներն էլ գոհունակություն են հայտնել «Աբովյան» ՔԿՀ-ի նախկին և ներկա ղեկավարներին ուշադրության համար: Միջոցառման ավարտին կին դատապարտյալ Լիանա Մ.-ն տոնի առթիվ իր հեղինակային բանաստեղծություններից է ասմունքել՝ այն նվիրելով ներկաներին: