Մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը

08/04/2015

 Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր տարի իրականացնում է նախարարության հատուկ ծառայողների` քրեակատարողական ծառայողների, ԴԱՀԿ ծառայողների, քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների  վերապատրաստում:  Վերջինի գլխավոր նպատակն է կատարելագործել ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու  աշխատանքային ունակությունները:

 Այդ դասընթացներն իրականացվում են «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում, որտեղ ստեղծված են ուսումնառության համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հրաձգարան, ուսումնական բանտախցեր, մարզադահլիճ, համապատասխան տեխնիկայով և գույքով կահավորված լսարաններ, գիշերակացի սենյակներ,  ճաշարան և այլն:

Ինստիտուտը հոգում է վերապատրաստվողների գիշերակացի, սննդի և տրանսպորտային ծախսերի հետ կապված խնդիրները:

 Այս տարվա մարտի 30-ից ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողների հատուկ ուսուցման դասընթացը: Խմբերում ներառված են քրեակատարողական ծառայողներ «Հրազդան», «Կոշ», «Աբովյան», «Արմավիր», «Արթիկ» «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Սևան», «Վանաձոր», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներից:

 ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնին կից գործում է նաև Ինստիտուտի Իրավաբանական քոլեջը, որտեղ, կրթական բոլոր չափանիշներին համապատասխան, իրականացվում է քրեակատարողական ուղղվածության միջին մասնագիտական կրթություն:

 Արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը նախարարության հատուկ ծառայողների` քրեակատարողական ծառայողների և ԴԱՀԿ ծառայողների համար յուրաքանչյուր տարի իրականացնում է միջինը 800, իսկ քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների համար՝ 250-ից 300 վերապատրաստման դասընթաց:  Ուսումնական կենտրոնը նաև յուրաքանչյուր տարի անցկացնում  է 2200-2300 հատուկ ծառայողների հատուկ ուսուցում: Ինստիտուտն իրականացնում է  նոտարի թեկնածուների ուսուցում ՝ «Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում» ծրագրով, ինչպես նաև ՀՀ դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցում:

 Ինստիտուտը, բացի վերը նշված հիմնական ծրագրերից և ոլորտներից, իրականացնում է նաև լրացուցիչ վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներ՝  նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցում ծրագրով նախատեսված համապատասխան ունկնդիրների ուսուցում:

 «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը 2012 թվականից  հանդիսանում է Եվրոպական քրեակատարողական ուսումնական ակադեմիաների (EPTA) անդամ, համագործակցում է՝  Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման ծառայության ակադեմիայի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի, Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության աշխատողների որակավորման բարձրացման Կիրովի ինստիտուտի, Վրաստանի ուղղիչ աշխատանքների և իրավական օժանդակության նախարարության քրեակատարողական և փորձարարական կենտրոնի, Լեհաստանի Հանրապետության Կալիշի բանտային ծառայության կենտրոնական վերապատրաստման կենտրոնի, Յարոսլավ Մուդրիի անվան ՈՒկրաինայի իրավաբանական ակադեմիայի, «Օդեսական իրավաբանական ակադեմիա» Ազգային համալսարանի, ՈՒկրաինայի ներքին գործերի նախարարության ներքին գործերի Ազգային ակադեմիայի, ՈՒկրաինայի քրեակատարողական ծառայության ինստիտուտի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և համանման այլ կազմակերպությունների հետ: