Խարանի ենթարկվող անձը չի կարող լինել հասարակության լիարժեք անդամ. Արդարադատության նախարար

08/04/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  ապրիլի 8-ին մասնակցել է  խտրականության արգելման օրենսդրության հարցերին առնչվող  հանրային քննարկմանը և «Արդյո՞ք անհրաժեշտ է խտրականության դեմ պայքարի մասին առանձին օրենք ունենալ» վերտառությամբ ձեռնարկի շնորհանդեսին:

 Եվրասիա համագործակցության հիմնադրամի  կողմից 2014թ-ին և 2015թ-ին իրականացված երկու՝ իրավական և փորձագիտական, ուսումնասիրություններն իրականացվել  են Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ «Հայաստանում խտրականության արգելման օրենսդրության ընդունմանն ուղղված» ծրագրի շրջանակում։ 

 Քննարկմանը նախորդել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում խտրականությանն առնչվող առկա խնդիրները, օրենսդրական բացերը և հնարավոր օրենսդրական բարեփոխումների հեռանկարները: Ասուլիսի բանախոսներն են եղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը, Եվրասիա  համագործակցության հիմնադրամի  գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և իրավաբան Արա Ղազարյանը: 

 Հանրային քննարկման ընթացքում, ողջունելով  ներկաներին, ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ  ժամանակակից աշխարհում խտրականության դեմ պայքարը և դրանից բխող անհանդուրժողականության արդյունավետ կանխարգելումը պետությունների առջև ծառացած առաջնահերթ մարտահրավերներից է: Հետաքրքիր վիճակագրություն գոյություն ունի. ինչպես բնութագրվում է միջազգային կազմակերպությունների իրավաբանությամբ, խտրականության վերացումը կամ դրա հնարավորին նվազեցումն ինքնին պետության իրավապաշտպան գործունեության արդյունավետ իրականացման կարևորագույն երաշխիք է:

 Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակում առավել կարևորություն են ստանում մարդու իրավունքների նորովի արժևորումը, դրանց իրացումն ու իրական պաշտպանությունն ապահովող մեխանիզմների ներդնումը: Ընդ որում, խոսքը վերաբերում է համակարգային այնպիսի լուծումների, որոնք, իրապես, կնպաստեն նաև մեր երկրի միջազգային պարտավորությունների կատարմանը:

 Անդրադառնալով խտրականության դեմ պայքարին՝ նախարարը  նկատել է, որ այն  չի կարող սահմանափակվել իրավական ակտում սահմանված խտրականության համընդհանուր արգելքով կամ դրա ապահովման հիմքերով: Այդ պայքարի համար անհրաժեշտ են առավել համապարփակ կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան մարդուն կանխատեսելի ընթացակարգերի միջոցով խատրականության բացառման պայմաններում իրացնել իր իրավունքները կամ հասնել դրանց պաշտպանության: «Խարանի ենթարկվող անձը չի կարող լինել հասարակության լիարժեք անդամ»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ ընդգծելով, որ խտրականության դեմ պայքարի միասնական օրենսդրություն ունենալը  բխում է նաև ՀՀ միջազգային պարտավորություններից:

 Կարևորելով խտրականության արգելքի վերաբերյալ Եվրասիական համագործակցության հիմնադրամի աջակցությամբ «Արդյո՞ք անհրաժեշտ է խտրականության դեմ պայքարի մասին առանձին օրենք ունենալ» իրավական ուսումնասիրությունը՝ Արդարադատության նախարարը նշել է, որ սա առաջին  ձեռնարկն է, որտեղ համակողմանի անդրադարձ է կատարված մեր երկրում խտրականության դեմ պայքարի հիմնահարցերին: Ընդ որում, այդ ուսումնասիրությունն արժևորվում է նրանով, որ դրանում տեղ գտած հետևությունները հիմնված են ներպետական իրավական պրակտիկայի և միջազգային փորձի ու չափանիշների համեմատական ուսումնասիրության վրա: Դրանում նաև  իրականացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանության, տարբեր երկրներում խտրականության դեմ պայքարի համար պատասխանատու մարմինների գործունեության վերլուծություն:

 Հովհաննես Մանուկյանը շեշտել է, որ Արդարադատության նախարարությունը պատրաստ է շարունակելու համագործակցությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի և շահագրգիռ այլ գործընկերների հետ՝ իրավական եղանակներով, այդ թվում՝ միասնական օրենքի նախագիծ մշակելու ճանապարհով, խտրականության և անհանդուրժողականության դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար: