«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն արտահայտում է քաղաքացիական հասարակության մասնակիցների փոխադարձ շահերը. Արդարադատության նախարարի առաջին տեղակալ

08/04/2015

 «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով  նախատեսված փոփոխությունները դրական կազդեն Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման վրա: Ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին է հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

 Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հասարակական կազմակերպություններին, Եվրամիությանը և Բրիտանական խորհրդին, որոնք մեծապես նպաստել են նախագծի մշակման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու և գործուն աջակցություն ցուցաբերելու համար: «Օրենքները պետք է քննարկվեն հենց նախագծային փուլում, այլ ոչ ընդունվելուց հետո: Դա ավելի արդյունավետ է և նպաստում է առավել որակյալ օրենք ունենալուն»,-ասել է Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ օրենքի այս նախագիծն արտահայտում է քաղաքացիական հասարակության մասնակիցների փոխադարձ շահերը:

 Խոսելով օրենքի նախագծից՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալն առանձնացրել է մի քանի սկզբունք, որոնք կարևոր են քաղաքացիական հասարակության սեկտորի ինստիտուցիոնալ զարգացման տեսանկյունից: Դրանք են՝ ինքնակառավարման հնարավորությունը, հանրային և ներքին հաշվետվողականության ինստիտուտը, կամավորների ներգրավման ընթացակարգը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, դատարան դիմելու իրավունքը: Արսեն Մկրտչյանի խոսքով՝ նմանօրինակ կարգավորումներն ավելի լայն հնարավորություն կբացեն հասարակական կազմակերպությունների գործառնական ճկունության համար:

 Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը ողջունել է գործընթացի թափանցիկությունը և նշել, որ իրենք բավարարված են ՀՀ արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքներով: «Ներկայացվել էին բազմաթիվ առաջարկություններ, որոնք արտացոլվել են օրենքի նախագծի վերջնական տարբերակում: ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին այս ոլորտում»,-ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը:

 Լրատվամիջոցների հետ հանդիպմանը հաջորդել է օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում՝ ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Արդարադատության նախարարության աշխատակազմի  կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի կարևոր դրույթները, որոնք վերաբերում էին ՀԿ-ների հիմնադրման ազատականացմանը, դրանց գրանցմանը, ձեռնարկատիրական գործունեությանը, կառավարման մարմիններին տրվող լայն լիազորություններին, դատարան դիմելու իրավունքին, կամավորության ինստիտուտին առնչվող և այլ հիմնահարցերին: Նախագծի ներկայացումից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում ՀԿ ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով, դիտարկումներով, կատարել հարցադրումներ, որոշ դրույթների առնչությամբ հայտնել նաև մտահոգություններ:

 Մասնավորապես՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարությանը կատարած աշխատանքի և իրենց կողմից ներկայացված առաջարկությունները նախագծում ներառելու համար,  նշել է, որ կրոնական կազմակերպություններին նույնպես պետք է իրավունք տրվի հիմնադրելու հասարակական կազմակերպություններ: Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել ՀԿ-ների  կառավարման մարմինների որոշումները հրապարակելու առնչությամբ՝ նշելով, որ, օրինակ՝ իրավապաշտպան կազմակերպությունը կարող է նպատակահարմար չհամարել դրանք հրապարակել, քանի որ այն կխոչընդոտի իրենց աշխատանքին: Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննսիյանը բարձր է գնահատել արդարադատության նախարարության հետ ունեցած համագործակցությունը և ողջունել նախագծի մշակման համար հայեցակարգի ընդունումը՝ որպես լայն քննարկումներ ապահովող արդյունավետ քայլ:
 Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է սերտորեն համագործակցել նախարարության հետ՝ նախագծի առավել ընդունելի վերջնական տարբերակ ունենալու համար: