Բացվել է իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը

17/04/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ այսօր Ավետ Ավետիսյան 23 հասցեում բացվել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակը: Միջոցառմանը մասնակցել են իրավաբանական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչները, Վլադիմիր Նազարյանի հարազատներն ու նախկին սաները:

 Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բացման խոսքում նշել է, որ ընդամենը շաբաթներ առաջ է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի տեղադրման գաղափարը:

  «Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին՝ գաղափարին միանալու և աջակցելու համար և բոլոր այն անձանց, ովքեր ապահովեցին կազմակերպական աշխատանքը: Այս համեստ նյութական արտահայտությունը մեր հիշողության և երախտիքի՝ մեր իրավաբանական համայնքի ամենապայծառ դեմքերից մեկին՝ մեր հոգու պարտքն է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ թեկուզ մեկ անգամ Վլադիմիր Նազարյանի հետ շփված մարդու մոտ նա թողնում էր չմոռացվող  հիշողություններ:

 «Անհնար էր չլսել այդ մարդուն, անհնար էր նրա կողքին լինել և չսովորել նրանից: Եվ պիտի խոստովանեմ, որ իմ կյանքում ունեցած շատ փոքր թվով ուսուցիչներից է. մարդ, որից ես գիտելիք, փորձ և իմաստություն եմ ստացել: Հարգելի պարոն Նազարյա՛ն, Սիրելի Վլադիմիր Ռուբենիչ, մենք քեզ հիշում ենք, դու մեզ հետ ես»,- նշել է Հովհաննես Մանուկյանը:

 ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կարևորել է նախաձեռնությունը և Արդարադատության նախարարի առաջարկը, ով փորձել է ուշացած այս քայլն իրականություն դարձնել:

 «Խորհրդանշական է, որ այս օրը համընկավ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա հետ. Վլադիմիր Նազարյանն էլ այս ոլորտում մեր ազգային այն մեծություններից է, ով կհիշվի ընդմիշտ: Նա մեր մասնագիտական ոլորտում ոչ մի վայրկյան մոռացության չի մատնվում, և եթե 3-4 իրավաբան հավաքվում են, ապա առնվազն խոսքի կեսից մեջբերում են Վլադիմիր Նազարյանին՝ սիրով ու գորովանքով»,- ասել է Գագիկ Հարությունյանը և ընդգծել, որ այսօր էլ մարդիկ շարունակում են իրենց մասնագիտական ճշմարտությունը չափել ու կշռել նազարյանական ճշմարտությամբ:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոսքով՝ ինքն անձնապես պատիվ է ունեցել առնչվել Վլադիմիր Նազարյանի հետ, ով եղել է իր թեկնածուական ատենախոսության հիմնական ընդդիմախոսը:

 «Անգամ այդ կարճ ժամանակահատվածում նրա հետ հարաբերությունները թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հարթության մեջ եղել են հիշարժան»,- նշել է գլխավոր դատախազը:

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես բարձր է գնահատել Վլադիմիր Նազարյանի ձևավորած իրավական նոր մշակույթն ու ընդգծել, որ նրա համար կյանքի մեծագույն արժեքն արարելն էր կամ ինչպես Վլադիմիր Նազարյանն էր սիրում ասել. «Նորին գերազանցություն աշխատանքը»: 

 Վլադիմիր Նազարյանի քույր Լաուրա Նազարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության և եղբոր հիշատակը վառ պահելու համար: