Արդարադատության նախարարության ներկայացուցիչը մասնակցել է «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով համաժողովին

20/04/2015

 Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով համաժողովին մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետ Արման Սահակյանը:

 Միջոցառման նպատակն էր ներգրավել ոչ միայն հայ, այլև Հայաստանում բնակվող արտասահմանցի երիտասարդներին, ովքեր իրենց ուղերձն ու կարծիքը կներկայացնեին վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց չճանաչման կործանարար հետևանքների վերաբերյալ:

 Արման Սահակյանը նշել է, որ ցեղասպանությունը միջազգային հանցանք է, այն պատժելի արարք է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության և դրա պատժի մասին կոնվենցիայով, որը ժամանակային իրողություն չի ճանաչում:

 «Այս առումով, թուրքական կառավարության ժխտողականությունը դեմ է գնում միջազգային իրավունքի նորմերին, քանզի այդ կոնվենցիայի համաձայն՝ պետությունները պետք է իրենց ջանքերն ուղղեն ցեղասպանությունների կանխարգելման գործին»,- ասել է նախարարության ներկայացուցիչը:

 Նա ընդգծել է, որ հայերի պայքարը թուրք ժողովրդի դեմ չէ, այլ թուրքական ժխտողականության: «Մենք չենք ատում, մենք պահանջում ենք: Հավերժ փառք Ցեղասպանության անմեղ զոհերին: Հիշում ենք և պահանջում...»,- ասել է Արման Սահակյանը:

 «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջոցառմանը մասնակցել է հայ և արտասահմանցի 100 երիտասարդ: