Սուրեն Քրմոյանն ընդունել է «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության պատվիրակությանը

06/05/2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության գործադիր տնօրեն Ալիսոն Հաննայի գլխավորած պատվիրակությանը:

 «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպությունը փորձում է օժանդակել ազատազրկվածների հասարակական ինտեգրացիային՝ հիմնվելով միջազգային ստանդարտների վրա:

 Հանդիպման ընթացքում Ալիսոն Հաննան ներկայացրել է կազմակերպության հիմնական գործառույթները, արդարադատության համակարգում բարեփոխումների իրականացման նպատակներն ու թիրախային ուղղությունները և նշել, որ մեծ տեղ են հատկացնում վերապատրաստումների կազմակերպմանը:

 Նրա տեղեկացմամբ, կազմակերպությունն օժանդակում է կառավարություններին՝ ներկայացնելով պատժի միջազգային բարեփոխման ոլորտում ունեցած փորձը, նրանց տրամադրելով համապատասխան տեղեկատվությունն ու կատարած վերլուծական հետազոտությունները:

 Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հյուրերին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք համընդգրկուն են և ներառում են թե՛ օրենսդրական, թե՛ կառուցվածքային, թե՛ ինստիտուցիոնալ ասպեկտներ: «Մենք շարունակում ենք մեր բարեփոխումները քրեակատարողական հիմնարկների և դատապարտյալների կեցության պայմանների բարելավման, բանտային կառավարման, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկական օգնության  և սպասարկման ծառայությունների արդիականացման ուղղությամբ, ուստի մեր նպատակն է այս հանդիպումների արդյունքում նախանշել բարեփոխման  առավել արդյունավետ մեխանիզմներ գտնելու և գործարկելու առաջնահերթությունները»,-շեշտել է նախարարի տեղակալը:

 Սուրեն Քրմոյանը հավելել է, որ նախարարության ուշադրության կենտրոնում են նաև պատժի ինստիտուտի և վերականգնողական կենտրոնների աշխատանքների բարելավումը, քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները և առաջարկել հյուրերին  նախարարությանը տրամադրել ոլորտում իրականացված համապատասխան վերլուծություններն ու հետազոտությունները: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագա համագործակցության և համատեղ իրականացվող ծրագերի վերաբերյալ:

 Հանդիպմանը մասնակցել են նաև «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության Հարավկովկասյան տարածաշրջանի տնօրեն Ցիրա Չանտուրիան, կազմակերպության ներկայացուցիչ, ծրագրերի համակարգող  Միրանդա Մերկվիլաձեն, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչ Աննա Մելիքյանը և ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը: