Նախարարության աշխատակիցը Հռոմում բաց դաս է վարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

12/05/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար  Հովհաննես Մանուկյանի աջակցությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսավորմամբ, 2014 թվականին մրցութային կարգով  նախարարության  միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Անուշ Ռշտունին ընդունվել էր ԱՄՆ-ի Չիկագոյի համալսարանի «PROLAW in Rule of law for Development» մասնագիտացմամբ մագիստրատուրան` Հռոմում ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։

 Բավական հագեցած ուսումնական ծրագրի շրջանակում նախարարության աշխատակիցն  ուսումնասիրել  է իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա պետական կառավարման համակարգի զարգացման միջազգային լավագույն փորձը և դրա կիրառման  մեխանիզմերը։

 Ծրագիրը հատկապես կարևոր է եղել ժողովրդավարական զարգացման ուղիով ընթացող պետությունների համար՝ անհրաժեշտ   գիտելիքների և հմտությունների համակարգով, որի իմացությունն ու արդյունավետ կիրառությունը դրական ազդեցություն  են թողնում  պետության կայացման և զարգացման գործում։

 Ուսումնառության ավարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, նախարարության աշխատակիցն ուսանողական և դասախոսական կազմի համար ամփոփիչ դաս է վարել   հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունները հավաստող փաստերի և դրա ճանաչմանն   առնչվող  տեղեկությունների վերաբերյալ: Ներկաներին հետաքրքել է Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված վնասների ու կորուստների չափը, ցեղասպանության ճանաչման, ժխտողականության, դրա անպատժելիության իրավական և բարոյական հետևանքների, փոխհատուցման և պահանջատիրության մասին հարցերը:

Հայաստան վերադարձած և արդեն աշխատանքային պարտականություններին անցած առաջատար մասնագետը նախարարության այլ աշխատակիցների հետ առաջիկայում կիսվելու է փորձով և ստացած գիտելիքներով: