Քննարկվել են աուդիտորների վերապատրաստման անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր

12/05/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներն այսօր հանդիպել են ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետների հետ և քննարկել աուդիտորների վերապատրաստման անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր:

 Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ Ներքին աուդիտի բաժնի պետ Սիմոն Աբրահամյանը, ԵՄ Թվինինգ ծրագրի մշտաժամկետ խորհրդական Անդերս Ջենսոնը, ծրագրի փորձագետներ Թոմաս Շերֆը, Անժելիկա Դևիդսոնը, Ներքին աուդիտի բաժնի այլ աշխատակիցներ:

 Ներքին աուդիտի բաժնի պետ Սիմոն Աբրահամյանը կարևորել է նմանօրինակ աշխատանքային հանդիպումներն ու նշել, որ դրանք նպաստում են աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը, նոր ծրագրերի մշակմանը:

 Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են ներքին աուդիտի սկզբունքներին, կանոնակարգի մշակմանը, ներքին հսկողության համակարգի արդյունավետության և համապատասխանության գնահատմանը, ինչպես նաև ներքին աուդիտի գործընթացի իրականացմանն ու աուդիտի առաջադրանքի մշակմանը վերաբերող հարցեր:

 Քննարկման ավարտին որոշվել է մոտ օրերս ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշել վերապատրաստման առաջնահերթ ուղղությունները: