Աշխատանքային հանդիպում՝ ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի ավարտի վերաբերյալ

25/05/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների և քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի ավարտի վերաբերյալ:
 Նախաձեռնությունն իրականացվել է «Փի Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ՝ իրավական սոցիալականացման ծրագրի շրջանակում և ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ֆինանսավորմամբ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, «Փի-Էյչ Ինթերնեշնլ» հայկական գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի Եվրոպական և Եվրասիական տարածաշրջանի ղեկավար Ջուդիթ Քեմբլը, Երևանում ԱՄՆ դեսպանության նույն բյուրոյի ղեկավար Ջեկ Անդերսոնը, այլք: 
 Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել են «Ծնողական ակումբի» ստեղծման գաղափարի արդյունքները, կենտրոնի կողմից իրականացված աշխատանքները:
Այս ծրագրի հիմնական նպատակն է պահպանել դատապարտյալների և նրանց երեխաների հետ հարաբերությունները, երեխաների և նրանց ծնողների հետ շփման մակարդակը հասցնել առավելագույնի, երեխաներին ներառել մշակութային խմբակներում, զարգացնել ծնող-երեխա բարոյահոգեբանական կապը, ծնողներին ապահովել այնպիսի գիտելիքներով, որոնք հետագայում կօգնեն նրանց հասկանալու անչափահաս երեխայի զարգացման և խնամքի, ճգնաժամային փուլի, տագնապների, սթրեսի պատճառները, ինչպես նաև դրանց դեմ ուղղված պայքարի մեթոդները: 
ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է ծրագրի անհրաժեշտությունը և նշել, որ ազատազրկման վայրերում գտնվող կանանց շրջանում երեխայի և ծնողի կապի պահպանումը կարևոր է ոչ միայն ծնողի, այլ նաև երեխայի հետագա դաստիարակման, երեխայի՝ հասարակությանը լիարժեք ինտեգրվելու և կայանալու համար: 
 Նա նաև ներկայացրել է կենտրոնի հրապարակած «Ծնողավարության հմտություններ» ձեռնարկը, որը նախատեսված է հոգեբանների, սոցիալական աշխատողների, մանկավարժների, ծնողների, ուսանողների, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց համար: Ձեռնարկում անդրադարձ կա այնպիսի թեմաների, ինչպիսիք են ՝ ծնողի դերը երեխայի կյանքում, ծնող-երեխա բաժանումը, բռնությունն ու երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքը, արվեստի դերը երեխայի կյանքում և այլն: 
 «Փի Էյչ Ինթերնեշնլ» կազմակեպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն»–ի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ նման ծրագրերը շարունակական բնույթ կկրեն:
Հանդիպման ընթացքում մասնագետները քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում նման սոցիալ-վերականգնողական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
 ««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրում ընդգրկվել են 43 կին դատապարտյալ և նրանց 20 երեխաները, կազմակերպվել են ծնողավարության հմտությունների շուրջ 36 դասընթաց, ինչպես նաև բազմաբնույթ միջոցառումներ: Դասընթացները վարել են հոգեբաններ և սոցիալական աշխատողներ: Շուրջ 8 երեխա ուղղորդվել է տարբեր սոցիալական աջակցության կառույցներ: