Կատարվեց 19-ամյա նախկին զինվորի երազանքներից մեկը. նա ուսանող է (տեսանյութ, լուսանկարներ). Հետք
09/06/2015
Արուճ գյուղի 19-ամյա բնակիչ Մայիս Գեղամյանն այսօր դարձավ ՀՀ ԱՆ Իրավաբանական քոլեջի ուսանող: Այստեղ նա անվճար կսովորի 2 տարի, կստանա միջին մասնագիտական կրթություն, ապա կարող է բուհի իրավաբանական ֆակուլտետում ուսումը շարունակել 3-րդ կուրսից:
Մայիսն այսօր ինքնուրույն էր վարել մեքենան Արուճից մինչև Երևան, հագնվել էր ուսանողի պես, մոր ու եղբոր հետ եկել ԱՆ իրավաբանական քոլեջ, որտեղ աշխատակազմը սպասում էր իր նոր ուսանողին:
Մայիսն ասաց, որ քոլեջում սովորելու հրավերն իր համար անակնկալ էր. «Չեմ կարող բառերով նկարագրել զգացածս… երազանքս իրականություն է դառնում»,- ասաց Մայիսը, ով «Հետքի» հրապարակումներում մշտապես բարձրաձայնել էր սովորելու իր երազանքի մասին:
Արդարադատության նախարարությունն արձագանքել էր «Հետքի» «Հաշմանդամ դարձած զինվորն ուզում է սովորել բուհում ու աշխատանքի անցնել ԱԻՆ-ում» հոդվածին` զանգահարելով Գեղամյաններին ու առաջարկելով ուսումնառություն ԱՆ Իրավաբանական քոլեջում:
ԱՆ Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը տեղեկացրեց, որ Մայիս Գեղամյանի ուսուցումը կազմակերպվելու է անվճար, որ նա կարող է ուսանել նաև հեռահար ուսուցման մեթոդով` ինտերնետային կապով ստանալով հանձնարարություններն ու կատարելով դրանք, որպեսզի երկար ճանապարհ կտրել- հասնելու խնդիր չառաջանա:
Արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը քոլեջի նոր ուսանողին շնորհավորեց նախարարության ողջ աշխատակազմի և անձամբ նախարար Հովհաննես Մանուկյանի անունից:
Ամբողջական հոդվածը, լուսանկարներն ու տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում: