Արդարադատության նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին

19/06/2015

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 19-ին ընդունել է  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

 Կողմերը զրուցել են  դեսպանավարման շրջանում  արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում շարունակվելիք ծրագրերի մասին:

 Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին և Գերմանիայի կառավարությանը  ձևավորված  ամուր համագործակցության համար` այս համատեքստում առանձնացնելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ փոխգործակցության լայն շրջանակը:

 Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարության և, ընդհանրապես, գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով  երկկողմ համագործակցության մեջ արդարադատության ոլորտի էական նշանակությունը: 

 Ռայներ Մորելը կարևորել է, որ թոշակի անցնելուց առաջ վերջին տարիներին պաշտոնավարել է Հայաստանում, և  ի դեմս իրեն ու իր տիկնոջ՝ Հայաստանի երկրպագուներն ավելացել են  երկուսով:

 Հրաժեշտի հանդիպման ավարտին նախարար Հովհաննես Մանուկյանը, ևս մեկ անգամ կարևորելով Ռայներ Մորելի պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքը, նրան մաղթել է հաջողություններ հետագա բոլոր ձեռնարկումներում: