Փողոցի կամ ճանապարհի չարտոնված արգելափակումն ինքնին իրավախախտում է. արդարադատության փոխնախարար
23/07/2015
ՀՀ արդարադատության փոխնախարար, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով այս կամ այն պայքարի շրջանակում քաղաքի գլխավոր պողոտաները փակելու մասին՝ որպես խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման ձևի, նկատեց, որ հավաքների ազատության իրավունքը քողարկված այլ նպատակի նվաճման համար օգտագործելն իրավունքի չարաշահում է և իրավական պաշտպանության ենթակա չէ: Եվ օրինակ բերեց ՄԻԵԴ-ում քննված մի շարք գործեր, երբ փողոց փակած հանրահավաքի մասնակիցների ձերբակալությունը և ցույցի ցրումը ՄԻԵԴ-ը հավաքների ազատության իրավունքի խախտում չէր համարել:
-Վերջին օրերին ակտիվ տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ մի շարք ակտիվիստներ, անհատներ պատրաստվում են արգելափակել Երևանի և այլ քաղաքների մի քանի փողոցներ որպես էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և դրա հետ կապված այլ բողոքների դրսևորում: Այս ակցիաները մեկնաբանվում են որպես: Ո՞րն է խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
-Խաղաղ հավաքների ազատության իրավունքը ժամանակակից ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկն է: Այն երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով: Այս իրավունքի էությունը քաղաքացիների հնարավորությունն է արտահայտելու իրենց կարծիքը կամ անհամաձայնությունը հասարակությանը հուզող հարցերի, այդ թվում՝ հանրային մարմինների կայացրած որոշումների կամ գործողությունների կապակցությամբ: Հավաքների ազատության իրավունքի նպատակը հանրային քննարկումների և քաղաքացիների բողոքի ազատ արտահայտման համար հարթակ ապահովելն է:
-Որո՞նք են խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման սահմանները:
-Խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացման սահմանները պայմանավորված են այս իրավունքի նպատակով: Եթե ապահովված են եղել համատեղ ազատ արտահայտվելու կամ հանրային քննարկումներ կազմակերպելու կամ բարձրացվող հարցերին հանրության ուշադրությունը հրավիրելու հնարավորությունները, ապա այս իրավունքը համարվում է իրացված: Միաժամանակ, կարևոր է նկատի ունենալ, որ հավաքների ազատության իրավունքի սահմանները չեն ներառում արդյունքի նվաճումը, այսինքն՝ այն ինքնին բարձրացված խնդիրների պարտադիր լուծում կամ առաջադրված պահանջների լիարժեք կատարում չի ենթադրում: Հարկ է նաև նշել, որ հավաքների ազատության իրավունքը բացարձակ չէ և պետությունը, չխախտելով իրավունքը, որոշակի պայմանների առկայության դեպքում կարող է միջամտել դրա իրացմանը, օրինակ՝ երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգը պահպանելու կամ այլոց իրավունքները պաշտպանելու համար: Ի վերջո, կարևոր է նկատի ունենալ, որ հավաքների ազատության իրավունքը քողարկված այլ նպատակի նվաճման համար օգտագործելն իրավունքի չարաշահում է և իրավական պաշտպանության ենթակա չէ:
-Արդյո՞ք փողոցներ կամ ճանապարհներ փակելը առնչություն ունի հավաքների ազատության իրավունքի հետ:
-Փողոցի կամ ճանապարհի չարտոնված արգելափակումն ինքնին իրավախախտում է: Այդպիսի գործողությունը կարող է առնչություն ունենալ հավաքի ազատության իրավունքի իրացման հետ, եթե դրսևորվել է որպես խաղաղ հավաքից ածանցվող անխուսափելի հետևանք, օրինակ, երբ հավաքի վայրում դրա մասնակիցների մեծաքանակության պատճառով օբյեկտիվորեն խաթարվում է երթևեկության բնականոն ընթացքը: Սակայն եթե փողոց կամ ճանապարհ չարտոնված արգելափակելը դիտարկվում է որպես նպատակ, այն խաղաղ հավաքների ազատության իրավունքի հետ որևէ աղերս ունենալ չի կարող: Այս առումով Եվրոպական դատարանը վերջին տարիներին ձևավորել է հստակ նախադեպային պրակտիկա: Մասնավորապես, «Լուկասն ընդդեմ Միացյալ Թագավորության» գործով մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, նստել էին հանրային օգտագործման ճանապարհին և արգելափակել երթևեկությունը: Այդ գործով գանգատի ընդունելիության որոշմամբ՝ նրանց ձերբակալումը և խաղաղությունը խախտելու համար տուգանքի ձևով հետագա դատապարտումը Եվրոպական դատարանը հավաքների ազատության իրավունքի խախտում չէր համարել՝ հաշվի առնելով հանրային ճանապարհին նստելու հետևանքով քաղաքացիների առաջացրած վտանգները:
«Բարրակոն ընդդեմ Ֆրանսիայի» գործով մեկ տասնյակից ավելի բեռնատարների վարորդները դանդաղեցրել էին հիմնական մայրուղիներից մեկի երթևեկության ընթացքը՝ մերթընդմերթ կանգնեցնելով այն, որն ընդհանուր առմամբ տևել է հինգ ժամ: Ոստիկանությունը մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո ձերբակալել էր վարորդներին, իսկ հետագայում նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել էր երեք ամսվա պայմանական ազատազրկման և 1500-ական եվրո տուգանքի՝ երթևեկությանը խոչընդոտելու համար: Դիմումատուներին պատասխանատվության ենթարկելը Եվրոպական դատարանը համարել է իրավաչափ և դիմումատուների հավաքների ազատության իրավունքի խախտում չի արձանագրել:
Ճանապարհի արգելափակման առումով հատկանշական է «Պրիմովն ընդդեմ Ռուսաստանի» գործը, որով Եվրոպական դատարանը արձանագրել է, որ ոստիկանության կողմից հավաքը նույնիսկ ոչ իրավաչափ արգելելը և անհամաչափ շրջափակելը ցուցարարներին իրավունք չէր տալիս փակելու դաշնային ճանապարհը կամ հարձակում գործելու ոստիկանների վրա: Սրա հիման վրա Եվրոպական դատարանը հանգել է հետևության, որ ոստիկանության միջամտությունը եղել է հիմնավորված:
Այս ամենը վկայում է, որ հասարակական կարգի կոպիտ խախտման նպատակով ճանապարհների և մայրուղիների չարտոնված արգելափակումը ժողովրդավարական հասարակությունում հանրային նշանակության հարցերն առաջ մղելու կամ լուծելու իրավաչափ միջոց չէ:
Հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում: