Արդարադատության նախարարի տեղակալը «Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ համաժողովին ներկայացրել է Հայաստանի կատարած քայլերը` կայուն զարգացման թիրախների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում

30/10/2015

2015 թ. հոկտեմբերի 28-ին Մեխիկո քաղաքում աշխատանքներն է սկսել «Բաց կառավարման գործընկերություն» (OGP) նախաձեռնության գլոբալ համաժողովը: Համաժողովին մասնակցել են հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանի գլխավորությամբ: Համաժողովի ընթացքում առանձին քննարկվել են ՄԱԿ-ի կողմից հաստատված Կայուն զարգացման թիրախների 16-րդ կետով ամրագրված կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է Հայաստանի կատարած քայլերն ու հաջողությունները՝ կայուն զարգացման թիրախների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Մասնավորապես, կարևորվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը, Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ-ի միջոցառումների ծրագրի հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարում պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և քաղաքացիների ներգրավմամբ միասնական ճակատի ստեղծումն ու ջանքերի համախմբումը:

Հիշեցնենք, որ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակում ամփոփվել են 2015 թ. մարտին մեկնարկած 2-րդ ամենամյա ԲԿԳ միջազգային մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարվա թեման է՝ «Հանրային ծառայությունների բարելավումը բաց կառավարման սկզբունքների գործածմամբ»: Այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցել է մրցանակաբաշխությանը և արժանացել բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսի) առաջին տեղը: Մրցանակների հանձնման արարողությանը ներկա է եղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, ով և հանձնել է մրցանակը:

Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է` Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը: