Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին

08/12/2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Նախարարը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա է փոխշահավետ համագործակցություն ամենատարբեր մակարդակներում և հույս հայտնել, որ դեսպանի այցը խթան կհանդիսանա առկա հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ ձևավորված փոխշահավետ համագործակցությունը կլինի շարունակական: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրանց իրականացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, Աջակցություն դատական համակարգում էլեկտրոնային կառավարման և տվյալների բազայի համակարգերի զարգացմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ինչպես նաև՝ խտրականության վերաբերյալ օրենսդրության և դատաիրավական ոլորտի բարեփոխումներին: