Վարչապետը ծանոթացել է «Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքերում ստեղծված պայմաններին

15/12/2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ՔԿՀ-ի 800 դատապարտյալի համար նախատեսված 4 նոր մասնաշենք: Հովիկ Աբրահամյանը ոլորտի պատասխանատուների, ԱԺ պատգամավորների, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին շրջել է նորակառույց մասնաշենքերով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված ՔԿՀ-ի պայմաններին: 
 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ մեր երկրում ներկայում առավել քան կարևորվում է ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ մարդու իրավունքների և օրինական շահերի, նրա հիմնարար ազատությունների հուսալի պաշտպանությունը, այդ արժեքների իրացումը երաշխավորող կանխատեսելի մեխանիզմների առկայությունը:«Չափազանց կարևոր է ինստիտուցիոնալ այնպիսի հաստատությունների ստեղծումը, որոնց շնորհիվ նշված խնդիրը կդառնա իրական: Մենք, այս առումով, պետք է իհարկե առաջնահերթ ուշադրություն դարձնենք ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց պատժի կրման առանձնահատկություններին»: Նախարարը կարևորել է այդ անձանց իրավունքների ապահովումը, նրանց կալանքի կամ պատժի կրման արժանապատիվ պայմանների ստեղծումը: Նրա խոսքով՝ սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական ակտերի կատարելագործման ուղղությամբ:
 ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին համագործակցության համար և նշել, որ ԵՄ-ն հանձնառու է և պատրաստակամ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը՝ հետագա բարեփոխումների իրականացման գործում: «Առիթն օգտագործելով, ցանկանում եմ վերստին հաստատել, որ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել ՀՀ-ին, մասնավորապես Արդարադատության նախարարությանն իր գործունեության և բարեփոխումների իրականացման շրջանակում: Այս կառույցը հրաշալի հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել Եվրոպայի խորհրդի առաջարկությունները՝ աջակցելով Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:  Պարոն Սվիտալսկին կարևորել է «Արմավիր» ՔԿՀ-ում համապատասխան ծառայությունների, մասնավորապես, կրթության, բժշկական օժանդակության և մարդու իրավունքներին արժանի այլ ծառայությունների բարձրորակ մատուցումը: 
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կառուցումը հերթական առաջընթաց քայլն է ՀՀ-ում արդարադատության, մասնավորապես, քրեակատորաղական ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Նշելով, որ այս ծրագրի իրականացմանն աջակցել են նաև ԱՄՆ կառավարությունը, Եվրոպական միությունն ու ԵԱՀԿ-ն, դեսպանն ընդգծել է. «Մենք կարողացել ենք մեր ներդրումն ունենալ, որովհետև այստեղ՝ Հայաստանում, ունենք ամուր գործընկերություն, գործընկերներ, ի դեմս՝ Արդարադատության նախարարության, քրեակատարողական համակարգի: Ցանկանում եմ գովեստով արտահայտվել ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի գործունեության և նվիրումի մասին՝ ուղղված արդարադատության և քրեակատարողական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Միացյալ նահանգների կառավարությունը հպարտությամբ է գործակցում մեր այս գործընկերների հետ՝ քրեակատարողական ոլորտում բարեփոխումների շուրջ»,- ասել է պարոն Միլսը: 
 Այսպիսով ամբողջությամբ ավարտին են հասցվել «Արմավիր» ՔԿՀ-ի գործունեությունն ապահովող ենթակառուցվածքները, կարանտինի, պատժախցերի և հիվանդանոցի մնացած հատվածները: Հիմնարկի շինարարության իրականացումն ընթացել է 2007-2015 թվականներին. այն կառուցվել է երկու փուլով՝ 2007-2009թթ. և 2009-2015թթ.: 2014-ին շահագործման էր հանձնվել «Արմավիր» ՔԿՀ-ի՝ 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, ինչն իր մեջ ներառում է հիմնարկի վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը: Ռեժիմային գոտում առկա է 46 դատապարտյալի համար նախատեսված 23 պատժախուց, գործում է լվացքատուն, խոհանոց` կահավորված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Լիովին կահավորված են նաև երկարատև տեսակցության համար նախատեսված 13 սենյակները, գործում է առանձին մանկական սենյակ: Յուրաքանչյուր խուց ապահովված է սանհանգույցով: Կարճատև տեսակցությունների համար սենյակը նախատեսված է միաժամանակ 8 դատապարտյալի տեսակցությունը պատշաճ կարգով ապահովելու համար: Հիմնարկում առկա է նաև արհեստագործական 6 սենյակ, գրադարանը համալրված է շուրջ 3 հազար 200 կտոր գրականությամբ, գործում է համակարգչային սենյակ: 

ՀՀ կառավարության Տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն