Արդարադատության նախարարի այցը՝ Արագածոտնի մարզ
21/12/2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր:
Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ առանձնազրույցից հետո աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց հետ քննարկվել են մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ բարձրացված խնդիրները խորքային են, բոլոր մարզերին բնորոշ և հանձնարարել հանդիպմանը մասնակցող Նախարարության պաշտոնատար անձանց՝ քննարկել օրենսդրական ճանապարհով խնդիրներին լուծում տալու հնարավորությունները:
Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ նախարարին ներկայացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին:
Նախարարը, մարզային այցի շրջանակում, եղել է նաև մարզկենտրոնի նոտարական գրասենյակում, ՔԿԱԳ տարածքային բաժնում, Պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության գրասենյակում, տեղում ծանոթացել հանրային ծառայություններ մատուցող բաժինների խնդիրներին:
Արփինե Հովհաննիսյանը նաև այցելել է մարզի Կարբի համայքնում գտնվող ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ նախորդ տարի շահագործման հանձնված շենք, որտեղ ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հատուկ ծառայությունների աշխատակիցների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների անցկացման մանրամասները: