Քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
22/01/2016
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հունվարի 22-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին նվիրված կլոր սեղան-քննարկմանը: Այն կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդման ծրագրի» շրջանակներում:
Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին գործուն աջակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնել, որ քննարկման արդյունքները կլինեն գոհացուցիչ՝ նպաստելով ավելի արդյունավետ որոշման կայացմանը: Կարևորելով նախագծի մշակման ընթացքում հանրային քննարկումների դերը և դրանց արդյունքում հնչած առաջարկություններն ու դիտարկումները՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ աշխատանքային խմբում ներգրավվել են փորձագետներ թե՛ պրակտիկ և թե՛ ակադեմիական շրջանակներից՝ փորձելով Քաղաքացիական օրենգիրքը համապատասխանեցնել միջազգային լավագույն պրակտիկային:
ԵԽ փորձագետ Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրել է նախագծով սահմանված մի շարք կարգավորումներ, որոնք վերաբերում են վնասի հատուցման ինստիտուտին, ռեգրեսիվ պահանջ և տուժողի մեղք հասկացություններին՝ նշելով, որ նոր կարգավորմամբ վնասի հատուցման պարտականությունը դրվում է գույքի տիրապետողի վրա՝ միևնույն ժամանակ բարձրացնելով վնասի հատուցման նվազագույն շեմը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Քաղաքացիական օրենսգրքում սերվիտուտի իրավունքը նախատեսող հոդվածները, որոնք սահմանում են անձնական սերվիտուտի ինստիտուտը և Քաղաքացիական օրենսգրքում իրավաբանական անձանց վերաբերյալ գլխի փոփոխված տարբերակը, որը նախատեսում է մասնավոր և հանրային իրավունքի իրավաբանական անձանց տեսակներ ու դրանց հետ կապված այլ կարգավորումներ:
Աշխատանքային քննարկումը կշարունակվի նաև հունվարի 23-ին: