Արդարադատության նախարարը պատասխանում է օրենսգրքի քննադատներին

18/03/2016

   Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմանը մասնակցած՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը համաձայն չէ ընդդիմադիրների պնդումներին, թե նախագծում լուրջ սահմանափակումներ են ներդրվել: Ավելին՝ հանրապետական նախարարը կարծում է, որ իրենց առաջարկները կբարձրացնեն վստահության մակարդակը ընտրական գործընթացի հանդեպ։

  «Էլեկտրոնային գրանցման համակարգը սկզբունքորեն շատ մեծ գործիք կարող է լինել վստահության մթնոլորտի ձևավորման համար, կամ գունավոր քվեաթերթիկերը, դրանցից յուրաքանչյուրը, էսպես, փոքրիկ գործիքներ են, որոնք հանրագումարի մեջ ի վերջո աշխատելով՝ պիտի արդյունք տան»,- ասում է նախարարը:

  Նախագծի ամենաքննադատված նորամուծություններից մեկը տարածքներում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունն է: Ընդդիմադիրները պնդում են՝ դա խոստացված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը չէ: Նախարարը հակադարձում է՝ «Եթե ամբողջ խնդիրն այն էր, որ տարածքային ցուցակներում կարող են առաջադրվել մարդիկ, ովքեր տարածքներում ազդեցություն ունեն, էդ նույն մարդիկ կարող էին լինել համապետական ցուցակներում: Այսինքն՝ տարածքների մեծացումը ենթադրում է, որ անհատի գործոնը չի կարող լինել այնպիսին, որ այդ անհատը ինչ-որ բան էդտեղ թելադրող լինի: Առաջին հերթին, համամասնական ընտրական համակարգը ենթադրում է կուսակցության համար քվե ստանալ և կուսակցության համար աշխատել: Որևէ ձևով տարածքային ցուցակի թեկնածուներին չի երաշխավորվում մանդատի առկայությունը որևէ պարագայում: Սա նշանակում է, որ կուսակցության դերն է ընդգծվում»,- պարզաբանում է Արփինե Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը ՝ սկզբնաղբյուրը կայքում: