Արդարադատության նախարարը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
02/04/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Նախարարը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է Նախարարության գերակա ծրագրերն ու դրանց կարողությունների զարգացմանն ուղղված ֆինանսական օժանդակության հնարավորությունները:
Արփինե Հովհաննիսյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունը, ինչպես նաև ՀԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը:
Արդարադատության նախարարը Համաշխարհային բանկի գործընկերներին է ներկայացրել Նախարարության համար առաջնահերթություն համարվող մի շարք ծրագրեր՝ Պրոբացիոն ծառայության հետագա զարգացում, ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» և «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ների, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության տեխնիկական կարողությունների զարգացում և այլն:
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա դե Սիլվան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու հնարավորության սահմաններում ներկայացված ոլորտներին աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնել: