Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի պատվիրակությանը

07/04/2016

  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ապրիլի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի փոխնախագահ Իվանա Ջելիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների պաշպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Վիգեն Քոչարյանը հավաստել է պատվիրակության անդամներին, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարևորում են ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովումը, տարբեր ոլորտներում նրանց ներկայացուցիչների համար լայն հնարավորությունների ստեղծումը և այդ ուղղությամբ իրագործում են համապատասխան քաղաքականություն: Այս համատեքստում նախարարի տեղակալը ներկայացրել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող մի շարք օրենսդրական քայլեր՝ արդեն կատարված և առաջիկայում նախատեսվող:

 Մասնավորապես՝ նախարարի տեղակալն անդրադարձել է նոր ընդունված  ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմին, որով ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռվում ներկայացված լինելու ՀՀ Ազգային Ժողովում և դրա հետ կապված ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումներին:

Ոլորտին վերաբերող և առաջիկայում ձեռնարկվող քայլերի շարքում Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաև ազգային փոքրամասնությունների և խտրականության կանխարգելման մասին օրենքների մշակումը: Նա շեշտել է, որ այդ աշխատանքները իրականացվելու են միջազգային կառույցների, քաղաքացիական հասարակության և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցելով՝ նպատակ ունենալով ապահովելու վերջիններիս իրավունքների երաշխավորումը եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան:

  Այս առնչությամբ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել նախագծերի միջազգային փորձաքննությանն աջակցելու հարցում:

Այնուհետև նախարարի տեղակալը պատասխանել է ոլորտի վերաբերյալ պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին կողմերն արդյունավետ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն են հայտնել: