Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատվիրակությանը
05/05/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ընտրությունների աջակցության միացյալ աշխատախմբի ընտրական աջակցության հարցերով մասնագետ Դան Մալինովիչը, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչներ Զորան Տրայկովսկին և Ռոման Շպակը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումն ու խորացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են տեխնիկական սարքավորումների կիրառմանն ու դրանց համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը: