Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի նիստը
20/05/2016
Մայիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող խմբի աշխատանքային քննարկումը:
Աշխատանքային խմբում ընդգրկված են «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն աշխատանքային խմբի անդամներին հորդորել է աշխատանքային խմբի կողմից իրականացված կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուցիոնալ համակարգերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկել ներկայացված տարբեր մոդելների կիրառելիությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մասնագիտացած ունիվերսալ մոդելին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ մոդելին և հանգամանալի ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելման, քաղաքական մշակման և համակարգման մոդելը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության պլատֆորմի ներքո կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբի գործունեությունը, ներկայացրել է կատարված աշխատանքներն ու առաջարկել է կենտրոնանալ Հայաստանի համար կիրառելի երկու-երեք մոդելի մշակման վրա:
Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում խմբի անդամների միջև: