Ներկայացվել են ՀՀ արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները
30/05/2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ոլորտում 25 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները» թեմայով համաժողովին: Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպված համաժողովի նպատակը արդարադատության ոլորտում անցած 25 տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումներն արձանագրելը, ոլորտին առնչվող առկա խնդիրների վերհանելն ու ապագայի քայլերը նախանշելն էր:
Համաժողովին ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, այլոք:
Նախարարի խոսքով՝ Հայաստանը երկար ճանապարհ է անցել 25 տարիների ընթացքում արդարադատության ոլորտում՝ արդարադատության մատչելիությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ճանաչումն ապահովելու համար: «Այս գործընթացը դեռ ունի մարտահրավերներ և բացթողումներ: Դրանց որոշ մասն իրենց լուծումները կգտնեն նախքան բարեփոխումների ընթացիկ փուլի ավարտը՝ 2016թ-ի վերջին, մյուսներին կանդրադառնանք բարեփոխումների նոր փուլում»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ ներկաներին բաց ու անկեղծ քննարկման կոչ անելով:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում: Նրա խոսքով՝ Կենտրոնական և Արևմտյան եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ առանց արդյունավետ արդարադատության համակարգի անհնար է գնալ դեպի ավելի ազատական համակարգեր, որոնք հիﬓված են ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և մարդու իրավունքներ:
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումների առանցքային գործընկերոջը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին և հաստատություններին՝ ցուցաբերվող աջակցության և արդյունավետ համագործակցության համար: