Արփինե Հովհաննիսյանն Իրանի գործընկերոջ հետ քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր

31/05/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է  Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի գլխավորած պատվիրակությանը:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է գործընկերոջը և նշել, որ Իրանը, լինելով Հայաստանի ամենավստահելի գործընկեր ու բարեկամ երկրներից մեկը, Հայաստանի հետ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունի:

ՀՀ արդարադատության նախարարի հրավերով Հայաստան ժամանած ԻԻՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների դատաիրավական ոլորտի փոխգործակցության զարգացումը կնպաստի նաև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող  մի շարք հարցեր: